Մատչելիության հղումներ

Օգոստոսի 22-ի մամուլ


«168 ժամ»-ին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը ասում է. - «Վերջերս եմ եղել Թուրքիայում եւ քաղաքական շրջանակների հետ իմ հանդիպումներից ստացել եմ այն տպավորությունը, թե նրանք ստացել են այն, ինչ երազում էին` ճանապարհային քարտեզ, կառավարական մակարդակով հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով, եւ հիմա այս համաձայնությունները նրանք դրել են դարակում եւ սպասում են իրենց նոր նախապայմանների կատարմանը` Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի լուրջ զիջումներին, որ նոր միայն անդրադառնան այդ վաղուց արդեն համաձայնեցված ճանապարհային քարտեզին: Հայաստանի իշխանություններն ուղղակի պարտավոր են գաղտնազերծել այդ փաստաթղթերը: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ինքն իր համար վերջնաժամկետ սահմանելով ֆուտբոլային խաղի օրը, հերթական կոպիտ սխալը գործեց հայ-թուրքական հարաբերություններում: Նա պետք է նաեւ ժամկետ դներ, թե եթե այդ պարտավորվածությունները մինչեւ X օրը չեն սկսում իրագործվել, ապա այդ ամբողջ փաթեթը պետք է համարվի չեղյալ»:

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Ովքե՞ր են խաղաղ ցուցարարների, իրազեկողների կամ լրագրողների վրա հարձակվող, նրանց մարմնական վնասվածքներ պատճառով ոստիկանները: Նրանք, իմ կարծիքով, հանցագործներ են, որոնք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ ովքե՞ր պետք է քննեն եւ պատժեն այդ հանցագործներին: Քննչական մարմինները ու դատարանը: Ահա այստեղ է, որ բնականոն գործընթացը հանդիպում է անհաղթահարելի խոչընդոտի. ոստիկանները, քննչական մարմինները եւ դատարանները միեւնույն համակարգի մասնիկներն են, եւ, հետեւաբար, այդ օղակները ոչ թե վերահսկում եւ զսպում են միմյանց, այլ հակառակը՝ ամեն ինչ անում են, որ բռնությունը անպատիժ մնա: Իր ցինիզմով հատկապես աչքի է ընկնում «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ բռնություն կիրառած «տղամարդ» ոստիկանների՝ ՊՊԾ գնդի գումարտակի հրամանատար Արայիկ Պետրոսյանի եւ նույն գնդի գումարտակի առաջին վաշտի հրամանատար Գեւորգ Ստեփանյանի «մեղքերի թողությունը», որն իրականացրել է նրանց գործընկեր Վահագն Հարությունյանը: Ըստ նորահայտ «Շերլոկ Հոլմս» Վահանգն Հարությունյանի՝ եղել է միայն «անզգուշությամբ» վնաս պատճառելու փաստ: «Անզգույշ» բառը Հայաստանի նորագույն պատմության մեջ հարուստ պատմություն ունի: Սկսած «Առագաստ» սրճարանում սպանությունից»:

Նույն խնդրին է անդրադարձել «Հրապարակ»-ի խմբագրականը. - «Երեկ դժգոհելով, որ հասարակությունը իրավապահներին աջակցություն չի ցուցաբերում հանցավորության դեմ պայքարում՝ Հայաստանի ոստիկանապետը մի ֆրազ է արտաբերել, թե՝ գուցե մեր մեղքի բաժինն էլ կա, գուցե կորցրել ենք հասարակության վստահությունը: Լավ է, որ վերջապես այդ գիտակցությունը կա, բայց ինչո՞ւ այսքան ուշ… Ուրիշ ինչ կերպ կարող էր լինել, երբ տարիներ շարունակ ոստիկանը նույնացվել է հանցագործ աշխարհի հետ, աչք փակել հանցագործությունների վրա, երբ դատախազն ու քննիչը կեղծ գործեր են սարքել՝ անմեղին բռնելով, մեղավորին բաց թողնելով, երբ դատավորը պատվեր է կատարել եւ ապօրինի վճիռներ արձակել: Արդյունքում հասարակական գիտակցության մեջ մեխվել է, որի իրական հանցագործը հենց ոստիկանը, դատախազը, քննիչն ու դատավորն են, մյուս բոլորը անմեղ հրեշտակներ են նրանց համեմատ»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - ««Օրերս «Հայկական ժամանակ»-ը հերթական «ցնցող» տեղեկատվությունը մատուցեց, համաձայն որի «Տոյոտայի բիզնեսով Հայաստանում զբաղվող» հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի «բարգավաճումը» ապահովելու նպատակով պետական գերատեսչություններին իբր պարտադրում են գնել հենց այդ մեքենաները»։ Պարզաբանումներ ստանալու համար թերթը դիմել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանին, որը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Մենք երբեւէ չենք ժխտել Սեդրակ Քոչարյանի առնչությունը «Տոյոտա» ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ։ Իրոք, Սեդրակը մասնաբաժին ունի «Տոյոտա-Երեւան» ՍՊԸ-ում, թեեւ չի զբաղվում ընկերության մենեջմենթով։ Ինչ վերաբերում է “Տոյոտա” մեքենաների պետական գերատեսչություններին իբր ստիպողաբար վաճառելուն, ապա դա «ՀԺ»-ի հերթական սուտն է Քոչարյանների հասցեին։ Բնականաբար, նման բան երբեք չի եղել»։

«Գոլոս Արմենիի»-ին «Մեր տունը ՀայՌուսգազարդն է» ենթավերնագրի տակ հարցազրույց է զետեղել «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանի հետ, որը ասում է. - «Ամեն երկիր իր բրենդներն է առաջ տանում. ԱՄՆ-ը՝ «Մոբայլ»-ը, հոլանդացիները՝ «Շել»-ը, իսկ Հայաստանի համար այդպիսի բրենդ կարող է դառնալ «ՀայՌուսգազարդ»-ը: Մենք սկսել են 1-21 տոկոս գազաֆիկացումից, իսկ այժմ հասել ենք 92 տոկոսի: Ի դեպ, ժամանակի ընթացքում գազի են անցել ոչ միայն բնակֆոնդը եւ ձեռնարկությունները, այլեւ ավտոմեքենաների մեծամասնությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG