Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը Փաստահավաք խմբին կոչ է անում հրապարակել վերջնական եզրակացություն


Լեւոն Զուրաբյան
Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում Փաստահավաք խմբին հրապարակել վերջնական ամփոփիչ եզրակացություն: Համապատասխան հայտարարությունը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը: ԼՐԱՑՎԱԾ

«Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում Փաստահավաք խմբին շարունակել իր փաստահավաք գործունեությունը: Մենք նաեւ կոչ ենք անում Փաստահավաք խմբին, բացի առանձին դրվագներով եւ ասպեկտներով զեկույցներից, հանդես գալ նաեւ վերջնական ամփոփիչ զեկույցով», - հայտարարեց Զուրաբյանը:

Դիտարկմանը, թե Փաստահավաք խմբի ստեղծման մասին նախագահ Սարգսյանի կարգադրությունը ուժը կորցրած է ճանաչվել հունիսի 6-ի՝ Սերժ Սարգսյանի իսկ որոշմամբ, Զուրաբյանը արձագանքեց. - «Կներեք, մեր համար որեւէ նշանակություն չի ունեցել Սերժ Սարգսյանի կարգադրությունը: Մենք վստահ ենք, որ իրենք կատարած հանցագործությունը նրանք ձգտելու են պարտակել: Եվ Փաստահավաք խումբը ստեղծել են միայն ճնշման տակ»:

ՀԱԿ-ի համակարգողը վկայակոչեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանին վերաբերող վերջին բանաձեւը. - «Հստակ գրված եւ կոչ է արված, որ Փաստահավաք խմբի անդամները հանդես գան զեկույցներով, եւ որ այդ զեկույցները հրապարակվեն»:

Լուծարված փաստահավաք խմբի երբեմնի ղեկավար Վահե Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ-ի կոչը «ոչ իրատեսական» որակեց՝ ասելով, թե փաստահավաք խումբը ամփոփիչ փաստաթուղթ չի ձեւակերպի երբեք:

«Ես համոզված եմ, որ փաստահավաք խումբը ի վիճակի չէր ի սկզբանե եւ այսօր էլ ի վիճակի չէ ընդհանուր որոշակի զեկույց պատրաստել», - հավելեց նա: - «Մի բան է՝ նյութեր հավաքել, եւ մեկ այլ բան է՝ գնահատականներ տալ եւ զեկույց նախապատրաստել: Տալ գնահատական, նշանակում է ղեկավարվել արդեն որոշակի շահերով: Իսկ այնտեղ շահերի այնպիսի հակասություն էր, որ, ես համոզված եմ, որ խմբի այդ հինգ անդամները միասնական, այդ կազմով գոնե, որեւէ կարծիքի ի վիճակի չէին գալու»:

Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ նշված է նաեւ, որ Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների երեք եզրակացությունները մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովում հրապարակային ու մանրակրկիտ ուսումնասիրության առարկա չեն դարձել. - «Ավելին՝ հանձնաժողովի անդամները, խախտելով անաչառության սկզբունքը, մինչեւ վերջնական եզրակացության հրապարակումը արդեն հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով եւ որակումներով, որոնք սպասարկում են իշխանության պաշտոնական վարկածները»:

Հայտարարությունն անդրադառնում է նաեւ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի՝ սեպտեմբերին հրապարակելիք եզրակացությանը՝ այն որակելով «ֆիկցիա». - «Այն գրվելու առկա փաստական նյութի անտեսմամբ, մեր տեղեկություններով՝ նույնիսկ ոչ այս հանձնաժողովում, այլ գործադիր իշխանության կաբինետներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG