Մատչելիության հղումներ

Օգոստոսի 21-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Անկախ Հայաստանի պատմության մեջ քաղաքական գործունեության գլխավոր բաղադրիչներն են՝ ա/ պահանջել ինչ-որ մեկի հրաժարականը կամ բ/ հիմնավորել, թե ինչու է այդ հրաժարականը աննպատակահարմար՝ կախված քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքից»։ ԼՐԱՑԱՎԾ

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Որքան մոտենում են Թուրքիա-Հայաստան պատասխան ֆուտբոլային խաղի ժամկետները, այնքան մեզանում ավելի ու ավելի սուր բանավեճեր են ծավալվում Հայաստանի նախագահի պատասխան այցի նպատակահարմարության հարցի շուրջ։ Խնդիրն այն է, որ հարցերի այս խմբերը անցած ամիսներին անհարկի կերպով խճճվել են ու ստեղծվել է մի կացություն, երբ հակառակորդը վարպետորեն օգտագործում է այդ իրողությունը միջազգային հանրությանը ապակողմնորոշելու համար։ Բանը հասել է նրան, որ Հայաստանի նախագահի կողմից արդեն երկու անգամ արված հայտարարութունն այն մասին, որ ինքը Թուրքիա կմեկնի, եթե մինչ հոկտեմբերի 14-ը սահմանները բաց կլինեն կամ մենք կգտնվենք այդ իրադարձության նախօրեին, թուրքական կողմը սկսել է գնահատել իբրեւ նախապայման առաջադրելու փորձ։ Մինչդեռ նախապայմանն առաջադրել է Թուրքիան՝ իր վարչապետի բերանով հայտարարելով, որ սահմանները կբացվեն միայն Ղարաբաղի հարցում կոնկրետ առաջընթացից հետո»։

Նույն խնդիրն է քննարկում «Ժամանակ»-ը. - «Զարմանալի է, որ բուքմեյքերական գրասենյակները դեռեւս որեւէ խաղադրույք չեն վերցնում գնալու կամ չգնալու առումով: Երեւի թե պատճառն այն է, որ իշխանությունն ինքն էլ չգիտի, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը: Ի՞նչ է փոխվել 2008 թվականի ամռան համեմատ, որ փոխվի նաեւ Սերժ Սարգսյանի մոտեցումը հայ-թուրքական հարաբերության հարցում: Չի փոխվել ոչինչ: Սերժ Սարգսյանը առաջվա պես չունի ներքին հասարակական լեգիտիմություն եւ բացառապես կախված է արտաքին քաղաքական իրողություններից, բացառապես կախված է այն բանից, թե որքան ժամանակ կարող է բավարարել թե' Միացյալ Նահանգների, թե' Եվրոպայի եւ թե' Ռուսաստանի պահանջներն ու կամքը: Իսկ հայ-թուրքական հարաբերության առումով այդ երեք կենտրոնները, փաստացի ունենալով տարբեր շահեր ու հետաքրքրություններ, ունենալով տարբեր միջնաժամկետ եւ երկարաժամկետ նպատակներ ու հաշվարկներ, կարծես թե մի բանում հանգում են միեւնույն մտքին, որ հարաբերությունը, որպես այդպիսին, այն տեսքով, որ առկա է 2008 թվականի սեպտեմբերից ի վեր, պետք է պահպանել, մինչեւ տեսնեն, թե ինչ են անում այլ տարածաշրջաններում առաջ եկած խնդիրների հետ, համաշխարհային ճգնաժամի հետ, ռուս-ամերիկյան «վերաբեռնման» հետ»:

«Հրապարակ»-ին տված հարցազրույցում Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ներկայացրել է Միացյալ Նահանգների տեսակետները տարածաշրջանում Թուրքիայի դերի մասին: Նա ասում է. - «Թուրքիան նախեւառաջ հանգուցային նշանակության դաշնակից է ՆԱՏՕ-ում, եւ հիսուն տարուց ավելի ՆԱՏՕ-ն համարել է իր անվտանգության հիմնաքարը: Միեւնույն ժամանակ, Թուրքիան ունի մի շարք ընդհանուր շահագրգռություններ Ռուսաստանի հետ, ներառյալ առեւտրային հարաբերությունները ընդլայնելու ցանկությունը, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի ասպարեզում: Թուրքիան կախված է Ռուսաստանից իր բնական գազի մատակարարումների 65 տոկոսի համար: Վաշինգտոնում մենք կարծում ենք, որ մինչ այս կախվածությունն ավելի կխորանա, կարեւոր է ավարտին հասցնել նախագահ Քլինթոնի վարչակազմի կողմից սկզբնավորված ջանքերը՝ ձեւավորելու հարավային միջանցք, որպեսզի կասպյան ավազանի էներգետիկ ռեսուրսները հասնեն եվրոպական շուկա ազատորեն՝ զերծ մնալով մենաշնորհային ճնշումներից»:

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Անկախ Հայաստանի պատմության մեջ քաղաքական գործունեության գլխավոր բաղադրիչներն են՝ ա/ պահանջել ինչ-որ մեկի հրաժարականը կամ բ/ հիմնավորել, թե ինչու է այդ հրաժարականը աննպատակահարմար՝ կախված քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքից: Ամբողջ ցավն այն է, որ հրաժարական պահանջելու պրակտիկան ունի իր օբյեկտիվ հիմքերը: Քաղաքականությամբ զբաղվողները եւ նույնիսկ չզբաղվողները գիտակցում են, որ առանց անձի փոփոխության հնարավոր չէ իրականացնել այն նպատակները, որոնք հայտարարագրվում են որպես ծրագրային: Ասվածը վերաբերում է ոչ միայն ցնորամիտ, այլեւ միանգամայն իրատեսական ծրագրերին: Որպես օրինակ բերենք հենց Կոնգրեսի «պլատֆորմը», որը հունիսի 12-ի հանրահավաքում հնչեցրել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վիժեցնել Ցեղասպանությունը կասկածի տակ դնող քայլերը, թույլ չտալ Ղարաբաղի հարցում անհարկի զիջումներ, բանակցային կողմ դարձնել Լեռնային Ղարաբաղը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ստեղծել «մարտի 1-ը» ուսումնասիրող անկախ միջազգային հանձնաժողով եւ այլն: Ո՞ր խելամիտ մարդը՝ անկախ իր քաղաքական հայացքներից, կարող է այդ ամենին դեմ լինել: Բայց, իհարկե, միանշանակ է, որ ներկա իշխանության օրոք այդ ծրագրի կետերի մեծ մասը չի իրականացվի: Դրա համար էլ որպես վերջին երկու կետ նեկայացված են արտահերթ ընտրությունները եւ նախագահի հրաժարականի պահանջները»:

lragir.am-ի հրապարակումից տեղեկանում ենք, որ Իան Գիլանը հոկտեմբերին երկրորդ անգամ է այցելելու Հայաստան. - «Առաջին այցի պատճառը երկրաշարժն էր, երկրորդ առիթը պետական պարգեւն է: Նախնական համաձայնությամբ Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգի ժամանակ օրկեստրային տարբերակով կհնչեն DEEP PURPLE խմբի երգերը, որոնք միջազգային համբավ են բերել երաժշտին, և որոնց տեքստերի մեծ մասի հեղինակն է նա՝ Իան Գիլանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG