Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում ամուսնությունների թիվն աճել է 88 տոկոսով, ծնունդների թիվը՝ 16 տոկոսով


Ստեփանակերտում գտնվող միակ ծննդատանը հերթեր են գոյանում. Բժիշկները չեն հասցնում սպասարկել մեծ թվով ծննդկաններին։

«Օր կարող է լինել՝ 14-15 ծնունդ գրանցվի։ Անցած ամսում մենք ունեցել ենք 192 ծնունդ։ Մենք դժվարություններ ենք ունենում, հղիները բողոքում են, հերթեր են առաջանում, գերլարումով այդ աշխատանքները կատարում ենք։ Ըստ ստանդարտների, պալատներում պետք է տեղադրված լինի 2 մահճակալ, մենք տեղադրել ենք 4 մահճակալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց ծննդատան տնօրեն Գոհար Հակոբջանյանը։

Ըստ Լեռնային Ղարաբաղի ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների, այս տարվա հունվար-հունիս ամիսներին ծնվել է 1306 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1126-ի դիմաց։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Լեռնային Ղարաբաղում ծնունդների թիվն այս տարի աճել է 16 տոկոսով։

Գոհար Հակոբջանյանը ծնելիության աննախադեպ աճը կապում է անցյալ տարվա հոկտեմբերին ղարաբաղյան ծագմամբ ռուսաստանցի բարերար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ Ղարաբաղում տեղի ունեցած մեծ հարսանիքի հետ, որի ընթացքում ամուսնացան 678 ղարաբաղցի զույգեր, ինչի շնորհիվ 2008 թվականին Ղարաբաղում ամուսնությունների ռեկորդային ցուցանիշ էր գրանցվել վերջին 20 տարիների համեմատ։

Դրական միտումները պահպանվել են նաեւ 2009 թվականին, ինչը առավելապես պայմանավորված է անցյալ տարի մեկնարկած՝ նոր ամուսնացող զույգերին աջակցության պետական ծրագրով։ Ըստ այդմ, նորապսակներին պետության կողմից միանվագ տրամադրվում է 300 հազար դրամ։ Արդյունքում 2009 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցված ամուսնությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 88.1 տոկոսով։

Լեռնային Ղարաբաղի սոցիալական ապահովության նախարարության ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Սամվել Դադայանի փոխանցմամբ, Ղարաբաղում ծնելիության խթանման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում են ծննդյան միանվագ նպաստներ հետեւյալ չափերով. առաջին եւ երկրորդ երեխայի ծնվելու կապակցությամբ՝ 100 հազարական դրամ, երրորդ երեխայի ծնվելու կապակցությամբ՝ 500 հազարական դրամ, չորրորդ եւ հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ՝ 700 հազարական դրամ։

«2009 թվականի 7 ամիսների ցուցանիշներով արդյունքը գոհացուցիչ է», - նշեց Դադայանը։

Այս տարի Ղարաբաղում ամուսնալուծությունների թիվը նվազել է 29 տոկոսով, ամուսնացողների միջին տարիքը՝ 27 է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG