Մատչելիության հղումներ

Հայաստանի օգտին քվեարկած ադրբեջանցիների հարցաքննությունը՝ բրիտանական առաջատար թերթերի ուշադրության կենտրոնում


Ադրբեջանի անվտանգության ծառայությունների կողմից «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանի օգտին քվեարկած ադրբեջանցի երկրպագուների հարցաքննության թեման այսօր հայտնվել է բրիտանական 3 հեղինակավոր պարբերականների՝ Daily Telegraph, Guardian, Independent ուշադրության կենտրոնում։

«Վհուկների որս Ադրբեջանում՝ «Եվրատեսիլի» քվեարկության առիթով» վերնագրված հոդվածում, Independent օրաթերթը, մասնավորապես, գրում է. - «Նավթով հարուստ այս երկրում ակներեւաբար հետեւում են այն մարդկանց, ովքեր մայիսին անցկացված մրցույթին քվեարկել են Ադրբեջանի թշնամի երկրի՝ Հայաստանի օգտին»։

Անցկացվող հետաքննության մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում տեղեկացրել է եվրոպական հեռարձակողների միության գործադիր տնօրեն Սվանտե Ստոկսելիուսը։

«Որպես «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներ, մենք ուշադրություն ենք դարձնում այս հարցի շուրջ մամուլի հրապարակումներին: Անցյալ շաբաթվանից սկսել ենք մեր հետաքննությունը, դրա մեջ կներառվեն նաեւ տեխնիկական ոլորտի մեր գործընկերները, հնարավորություն կտանք նաեւ ադրբեջանական կողմին արձագանքել: Սակայն մինչեւ այս հետաքննությունը չավարտվի, չենք կարող որեւէ մեկնաբանություն տալ», - ասել է Սվանտե Ստոկսելիուսը:

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի երկրպագուներից ՝ Ռավշան Նասիրին հարցաքննության էր հրավիրել չորեքշաբթի օրը՝ պարզելու, թե ինչու է վերջինս քվեարկել Հայաստանի մասնակցի օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG