Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանտում մահացել է «Թոլշի Սադո» թերթի գլխավոր խմբագիրը


Ադրբեջանի բանտում մահացավ լրագրող, «Թոլշի Սադո» («Թալիշների ձայն») թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամադովը։

68-ամյա Մամադովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։ Նա, մասնավորապես, մեղադրվում էր Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։ Խմբագրին մեղադրանք էր ներկայացվել նաեւ ազգային, ռասայական, կրոնական թշնամանք սերմանելու համար։

Թերթի խմբագիր լինելուց բացի, Մամադովը թալիշների մշակութային կենտրոնի ղեկավարն էր, նախկինում ղեկավարել էր նաեւ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի լեզվաբանության բաժինը։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը հաղորդում է, որ Մամեդովը տառապում էր մի շարք հիվանդություններից, այդ թվում՝ սրտային։ Հուլիսի 28-ին խմբագրին տեղափոխել էին մեկուսարանի հիվանդանոց։

Նովրուզալի Մամադովը ձերբակալվել էր 2007-ի փետրվարին։ Անցյալ տարի դատարանը 68-ամյա Նովրուզալի Մամադովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման։

Այս տարվա ապրիլին Եվրախորհրդի Խորհրդարնական վեհաժողովում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Անդրես Հերկելը (Էստոնիա) ու Եվգենիա Ջիվկովան (Բուլղարիա) այցելել էին Ադրբեջան։ Նրանք մեկուսարանում հանդիպել էին նաեւ Նովրուզալի Մամադովին։

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, արեւմտյան դիվանագետները բազմիցս Ադրբեջանի իշխանություններին հորդորել են ազատ արձակել ծանր հիվանդություններով տառապող մարդուն։

Ադրբեջանի իրավապաշտպանները պնդում են, որ Մամադովի դեմ գործը սարքված է։ Նովրուզալի Մամադովին նրանք համարում են քաղբանտարկյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG