Մատչելիության հղումներ

Թինա Քեյդենաուն «ուժեղ» տպավորություն է թողել կոսովցիների վրա


Չնայած պետդեպարտամենտի կողմից պաշտոնական լուր չկա, թե ով է նշանակվելու Մեթյու Բրայզայի պաշտոնում, բայց վերջինս արդեն ասել է, թե Եվրոպայի ու Եվրասիայի հարցրեով փոխպետքարտուղարի օգնական է նշանակվելու Թինա Քեյդենաուն։

Թինա Քեյդենաուն դիվանագիտական իր աշխատանքի վերջին շրջանում եղել է Բալկաններում։ Մի շարք նշանակումներից հետո 2008–ի հուլիսին նա նշանակվել է Կոսովոյում ԱՄՆ-ի դեսպան եւ այդ պաշտոնում մնացել է մինչեւ այս տարվա հուլիսի մեկը։

Կոսովոյում «Ազատություն» ռադիոկայանի բյուրոյի ղեկավար Արբանա Վիդիշիքին պատմում է, որ նա ուժեղ տպավորություն է թողել կոսովցիների վրա։

«Այստեղ յուրաքանչյուրը հիշում է դեսպան Կեյդանաուին։ Նա գործունյա, գործը մինչեւ վերջ տանող անձնավորություն է։ Եվ նա Կոսովոի համար շատ օրհասական շրջանում էր այստեղ։ Նա եկավ մինչեւ անկախության հռչակագիրը ու մնաց մեկ տարի՝ անկախության հռչակագրի ընդունումից հետո։ Այստեղ նա գործը ավարտին հասցրեց, բայց գերադասելով դա կատարել հանրության աչքից հեռու», - նշում է Վիդիշիքին։

Նրա փոխանցմամբ, Պրիշտինայում Քեյդենաուն չէր սահմանափակվում իր դիվանագիտական ֆունկցիաներով եւ իր ազդեցությունը օգտագործում էր օգնելու համար բոլորին, ում կարող էր՝ ներառյալ Կոսովոյի էթնիկ սերբերին։

Թինա Քեյդենաուն դիվանագիտական իր կարիերան սկսել է Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին։ Սպիտակ տան անվտանգության խորհրդում նա եղել է Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների բաժնի ղեկավարը։ Աշխատել է նաեւ Բելգրադում ու Սարաեւոյում։

Ջորջ Բուշի նախագահության տարիներին նա փոխպետքարտուղար Ռիչարդ Արմիչիդի հատուկ օգնականն էր եվրոպական հարցերով։ 2006–ի հուլիսից Քեյդենաուն Պրիշտինայում ամերիկյան առաքելության ղեկավարն էր, ժամանակավոր հավատարմատարը, իսկ երկու տարի անց՝ դեսպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG