Մատչելիության հղումներ

Օգոստոսի 13-ի մամուլ


«Հայք»-ը անդադարձել է Հայաստանի եւ Մոլդովայի ֆուտբոլային հավաքականների երեկվա հանդիպմանը. - «Երեկ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հերթական անփառունակ պարտությունը կրեց, ընդ որում՝ պարտվեց բավական թույլ Մոլդովայի հավաքականին, այն էլ՝ խոշոր 4:1 հաշվով։ Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա նայելով պատվավոր օթյակին եւ այնտեղ տեսնելով Սամվել Ալեքսանյանին, արդեն կարելի է կռահել, թե ինչ վիճակում է մեր ֆուտբոլը, եւ պետք չէ զարմանալ, որ նորմալ ֆուտբոլիստները տարբեր պատճառաբանություններով աշխատում են չխաղալ հավաքականում։ Որքան էլ հայրենասեր լինեն նրանք, անչափ դժվար է խաղալ այս մթնոլորտում»։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, մոտ 15 օր առաջ միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ Նոր Նորքի ոստիկանապետ, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդու՝ Արսեն Աբրահամյանի միջեւ։ Ըստ շրջանառվող լուրերի, Ռուբեն Հայրապետյանը ծեծի էր ենթարկել Արսեն Աբրահամյանին։ Թերթի տեղեկությունների համաձայն, սույն խնդիրը հարթվել էր միայն այն բանից հետո, երբ միջամտել էր Սերժ Սարգսյանը։ «Ըստ այդմ», - գրում է թերթը, - «լսելուց հետո տեղի ունեցածի մասին, Սերժ Սարգսյանն ասել է. - «Ճիշտը Ռուբեն Հայրապետյանն է»։ Հարցն այսպիսով փակվել էր։ Եվ ահա երեկ սույն լուրի կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ը գրություն է ստացել Ռուբեն Հայրապետյանից, որտեղ վերջինս, բնականաբար, հերքել է տեղի ունեցածը»։

«Հայք» թերթին տված հարցազրույցում «Միացում» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները իրոք ցանկանում են լուծել խնդիրը, նշում է. - «Կարծում եմ, որ ոչ: Նրանք չեն ցանկանում լուծել այդ հարցը: Պարզապես փորձում են օգտագործել Արցախյան հարցը հօգուտ տարածաշրջանում իրենց շահերի: Բանակցային այս ընթացքը, ես կասեի, որ իմիտացիոն, ոչ խորքային բնույթ ունի: Այո, տեսնում ենք սկզբունքներ եւ մտածում, որ եթե մի օր այս ամենը կատարվի, կարող է եւ մի օր պայմանագիր ծնվի: Ես այս ընթացքին հետեւելով ավելի շատ հակված եմ առաջին մտքիս, որ տվյալ գործընթացը ավելի շատ իմիտացիոն բնույթ է կրում»: Իսկ հարցին, թե ակնկալում է արդյոք արտահերթ ընտրություններ, Սեֆիլյանը արձագանքել է. - «Եթե ընդդիմությունն այս մարտավարությունը շարունակի, ոչ մի արտահերթ ընտրություններ էլ չեն լինի: Սակայն հավանական է, որ Սերժ Սարգսյանն իր հաշիվների համար արտահերթ ընտրություններ նշանակի: Բազմիցս ասել եմ եւ այժմ էլ իմ կարծիքին եմ. եթե մարտի 1-ին այս ռեժիմը համարձակվեց կրակել ժողովրդի վրա եւ ժողովրդին հեռացրեց հրապարակից, ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է վերադառնա հրապարակ այնքան ժամանակ, մինչեւ որ այս ռեժիմը հեռանա: Դժբախտաբար իմ այս կարծիքը մինչ օրս չի գերիշխել ընդդիմության ղեկավարության մոտ»:

«Առավոտ»-ի խմբագրականի հեղինակը խորհրդածում է նախկինում եղած եւ այսօրվա պետական համակարգերի տարբերիչ առանձնահատկությունների շուրջ. - «Երբ խորհրդային տարիներին որեւէ մեկը բողոքում կամ կյանքից դժգոհում էր, հումորով կամ միանգամայն լուրջ ասում էինք՝ «սիստեմը սիստեմ չի». այսինքն, բոլորիս մեղքերն ու բոլոր վատ բաները բարդում էինք համակարգի վրա: Հիմա ժողովուրդը ոչ թե համակարգից է բողոքում ու դժգոհում, այլ իշխանություններից ու իշխանավորներից, որովհետեւ համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի: Երբ խորհրդային տարիներին այլախոհներն ու ընդդիմադիր գործիչները համակարգային փոփոխություններ էին պահանջում, նրանց կարելի էր հասկանալ, որովհետեւ գոյություն ուներ սոցիալիստական հստակ համակարգ, որին դեմ էին այլախոհներն ու ընդդիմադիր գործիչները: Այսօր էլ, նախկին իներցիայով, որոշ քաղաքական գործիչներ համակարգային փոփոխություններ են պահանջում՝ մոռանալով, որ Հայաստանում ընդհանրապես քաղաքական ու պետական համակարգ գոյություն չունի: Ինչպե՞ս կարելի է փոխել մի բան, որը գոյություն չունի: Այսինքն՝ Հայաստանում ոչ թե հարկավոր է համակարգ փոխել, այլ հարկավոր է համակարգ ստեղծել»:

«Հրապարակ» թերթին հարցազրույց է տվել Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը: Թղթակիցը հարցնում է. - «Թուրքիայի հետ սահմանի բացումը միջերկրածովյան երկրների հետ Հայաստանի կապը կաշխուժացնի՞»: Դեսպանը պատասխանում է. - «Իհարկե: Թուրքիայի սահմանի բացումը Հայաստանի համար Միջերկրական ծովով ելք կապահովի դեպի արտաքին աշխարհ, եւ, համոզված եմ, այդ ավազանի երկրների հետ, այդ թվում՝ արաբական երկրների հետ հասարակական, տնտեսական, առեւտրային շփումների բում կլինի: Հայաստանին այդ խարիսխը պետք է ունենալ Միջերկրականում, դրանից հետո տնտեսությունում՝ մասնավոր սեկտորը, հասարակական մակարդակում՝ քաղաքացիական կառույցները սեփական նախաձեռնությամբ կապեր կհաստատեն ու կզարգացնեն»: Հարցին, թե Եգիպտոսի հետ մեր հարաբերությունների վրա՞ էլ սահմանի բացումը անդրադարձ կունենա, Մելքոնյանը պատասխանում է. - «Այսօր դեռեւս ետ մնացող առեւտրատնտեսական հարաբերությունների տեսակետից՝ այո: Բնականաբար՝ Միջերկրականով ուղիղ կապ կլինի, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի ապրանքաշրջանառության ծավալների աճի համար»: Նույն հարցազրույցի մեկ այլ հատվածում, խոսելով Հայաստանի եւ Ծոցի երկրների կապերի մասին, դեսպանը նշում է. - «Ակտիվ կապեր են ստեղծված Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Ծոցի երկրների թվում հաջորդը Կատարն է, որի հետ հարաբերությունների զարգացումը գոհացուցիչ ընթացք է ստանում: Արդեն կազմավորվել է միջկառավարական հանձնաժողով, առաջիկայում երեւի հանձնաժողովի անդրանիկ նիստը կլինի, բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ են եղել եւ նորերն են նախատեսվում»:

«Հայկական ժամանակ» թերթը տեղեկացնում է, որ եկող շաբաթ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, շարունակելու են անցած շաբաթվանից սկսած մարզային այցերը: Այս անգամ նրանք կգնան Տավուշի մարզի Իջեւան քաղաք: Թերթի ներկայացմամբ, այնտեղ նրանք կհյուրընկալվեն քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայրական տանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG