Մատչելիության հղումներ

Բրայզան իր տարածաշրջանային այցը ավարտում է Բաքվում


ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր տարածաշրջանային այցելությունը Հարավային Կովկաս ավարտում է Բաքվում։

Չորեքշաբթի օրը նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ադրբեջանի նախագահի ինտերնետային էջում այս հանդիպման մասին կարճ հաղորդագրություն է տեղադրված: Նշված է, որ կարծիքների լայն փոխանակում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, էներգետիկ ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Բաքվում կայացած ասուլիսում Մեթյու Բրայզան ասել է, որ Ալիեւի հետ հանդիպմանը կարծիքներ են փոխանակել նաեւ Ադրբեջանոմ մարդու իրավունքների պաշտպանության, անցած ամիս ձերբակալված ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստներ, բլոգերներ Ադնան Հաջիզադեի ու Էմին Միլիի ձերբակալությունների մասին:

Մեթյու Բրայզան մամուլի ասուլիսում ասել է, թե սա իր վերջին այցելությունն է տարածաշրջան որպես փոխպետքարտուղարի օգնական ու որպես Մինսկի խմբի համանախագահ: Նա ասել, որ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի օգնականի պաշտոնում իրեն կփոխարինի Թինա Քեյդենաուն եւ նշել է, որ առայժմ պարզ չէ, թե Մինսկի խմբում ով կլինի ամերիկացի հաջորդ համանախագահը:

Բրայզան գնահատական է տվել ղարաբաղյան բանակցային գործընթացին՝ ասելով. - «Միսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացը շատ դրական փուլում է: Մինսկի խմբի ակտիվության շնորհիվ նախագահները մոտ են համաձայնության։ Մինսկի խմբում մեր աշխատանքը միշտ եղել է արդարացի ու կառուցողական։ Մինսկի խումբը օգնեց երկու նախագահներին մոտեցնելու դիրքորոշումները հարցերի շուրջ, որոնք կօգնեն լուծելու այդ հակամարտությունը»։

Դեռ հունիսից մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Մեթյու Բրայզան Միացյալ Նահագների դեսպան է նշանակվելու Ադրբեջանում: Բաքվում այս մասին հարց են ուղղել Բրայզային։ Ի պատասխան ամերիկացի դիվանագետը ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահն է որոշում, թե ով կնշանակվի այդ պաշտոնում, բայց կրկնել է իր ցանկությունը՝ Հարավային Կովկասի երկրներից մեկում մնալու եւ աշխատելու մասին։

«Ադրբեջանը Բարաք Օբամայի վարչակազմի, Միացյալ Նահանգների համար մեծ նշանակություն ունեցող, ռազմավարական երկիր է», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG