Մատչելիության հղումներ

Թուրքական իշխանությունները հույս ունեն վերջ տալ քրդական պարտիզանական պատերազմին


Պաշտոնական Անկարան հույս ունի թուրքական Քուրդիստանում տնտեսական ու ժողովրդավարական բարեփոխումների միջոցով վերջ տալ արդեն 25 տարի շարունակվող պատիզանական պատերազմին, երեկ հաղորդել է Անկարայում լույս տեսնող «Վաթան» օրաթերթը։

Անցած շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, հանդիպելով երկրում գործող խոշորագույն քրդական քաղաքական ուժի՝ «Ժողովրդավարական հանրության» կուսակցության ղեկավար Ահմեդ Թյուրքի հետ, խոստացավ «համարձակ քայլերի դիմել» քրդական հարցի վերջնական լուծումը գտնելու համար։

Երեկ «Վաթան» օրաթերթը որոշ մանրամասներ է հաղորդել այն ծրագրի մասին, որ մշակվել է թուրքական կառավարության կողմից։

«Վաթանի» հոդվածագիրը նշում է, որ ըստ այս ծրագրի, նախեւառաջ մեծացվելու է ներդրումների ծավալը քրդական շրջաններում։ Կվերանա քրդերեն լեզվով գործող մասնավոր հեռուստաընկերությունների գործուներության օրենսդրական արգելքը։ Բացի այդ, թուրքական իշխանությունները Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար կազմին առաջարկում են դադարեցնել զինված պայքարը՝ փոխարենը խոստանալով անջատականների առաջնոդներին թույլ տալ անարգել հեռանալ Արեւմտյան Եվրոպա։

Ավելին, ըստ թերթի, Թուրքիայի իշխանությունները պատրաստ են վերանայել երկրի Սահմանադրության 66-րդ հոդվածը, որում գրված է. - «Թուրքական Հանրապետության բոլոր քաղաքացիները ազգությամբ թուրք են համարվում»։

«Վաթանի» աղբյուրնեը նաեւ նշել են, որ առաջիկա 5 տարիների ընթացքում հակաահաբեկչական գործողություններն իրականցնող Ռազմական ոստիկանության բոլոր ստորաբաժանումները դուրս են բերվելու քրդական բնակավայրերից։ Մինչեւ 2014 թվականը կլուծարվի նաեւ այսպես կոչված գյուղական պահակազորի ինստիտուտը։ Դա կենտրոնական իշխանություններին հավատարիմ քրդերից կազմված ջոկատների մի ցանց է, որը բանակի եւ ոստիկանության հետ միասին պայքարում է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ։

Էրդողանի կառավարության այս նախագիծը արդեն իսկ արժանացել է ընդդիմադիր խոշորագույն կուսակցությունների քննադատությանը։

«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին երեկ Անկարայում հայտարարել է. - «Մեր կուսակցության տեսակետը միանշանակ է։ Իշխող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցությունը այսօր քայլ առ քայլ կյանքի է կոչում անջատականների օրակարգը, ինչը հարցականի տակ է դնում Թուրքիայի՝ որպես պետություն գոյությունը»։

Ձախ-կենտրոնամետ «Հանրապետական - Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի համոզմամբ. - «Վարչապետը պետք է հասկանա, որ թուրքական պետական գիտակցությունն ու ազգային ինքնագիտակցությունը չեն կարող հակասել միմյանց։ Միայն դա ըմբռնելով է հնարավոր լուծել այս խնդիրը։ Գոյություն ունի երկու «կարմիր գիծ», որը մենք երբեք չենք հատի. քրդական ինքնավարության ստեղծումն ու դպրոցներում քրդերենով դասավանդման սկզիբը։ Մեր կուսակցությունը այս երկու իրողությունների հետ երբեք չի համակերպվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG