Մատչելիության հղումներ

Գրոզնիում սպանված են հայտնաբերվել իրավապաշտպանն ու իր ամուսինը


Իրավապաշտպան Զարեմա Սադուլաեւային եւ իր ամուսնուն` Ալեքսանդր Ջաբրայիլովին երեքշաբթի առավոտյան սպանված են գտել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի մերձակայքում։

«Զինվորական համազգեստով զինված անհայտ անձինք առեւանգել են Սադուլաեւային եւ Ջաբրայիլովին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գրասենյակից օգոստոսի 10-ին ժամը 14.00–ի սահմաններում։ Այսօր առավոտյան ժամը 4.00 -ին Սադուլաեւայի եւ Ջաբրայիլովի մարմինները հայտնաբերվել են Գրոզնիի մերձակայքում, նրանց մեքենայի բեռնախցիկում՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով», - հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազության քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մերկինը։

Զարեմա Սադուլաեւան ղեկավարում էր «Փրկենք սերունդը» հասարակական կազմակերպությունը եւ համագործակցում էր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ՝ հոգեբանական եւ բժշկական օգնություն ցույց տալով Չեչնիայում ռազմական գործողություններից տուժածներին, ինչպես նաեւ պատերազմի հետեւանքով հաշմանդամ դարձած երեխաներին։

Ռուսաստանյան «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցներից Ալեքսանդր Չերկասովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել: Նրա փոխանցմամբ, առեւանգողները չեն ներկայացել, սակայն հայտարարել են, որ ուժային կառույցների աշխատակիցներ են, ամուսիններին նստեցրել են մեքենան եւ տարել անհայտ ուղղությամբ։ Այնուհետեւ առեւանգողները վերադարձել են եւ իրենց հետ տարել նաեւ բջջային հեռախոսներն ու Սադուլաեւայի ամուսնու մեքենան։

«Չնայած դեպքը տեղի է ունեցել ժամը 4-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն երեք ժամ անց: Մարդիկ պարզապես վախեցել են որեւէ բան հայտնել, սա ինքնին խոսուն է», - ասել է Չերկասովը։ - «Իրավապահ մարմինները տեղեկացվել են առեւանգման մասին, սակայն որեւէ կերպ չեն արձագանքել եւ նրանց գտնելու որեւէ քայլ չի ձեռնարկվել»։

Այս դեպքից ընդամենը կես ամիս առաջ՝ հուլիսի 15-ին Չեչնիայում առեւանգվել եւ սպանվել էր նաեւ «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության աշխատակցուհի Նատալիա Էստիմիրովան, ով զբաղվում էր Չեչնիայում կատարվող սպանությունների եւ առեւանգումների հետաքննությամբ։

Նրա սպանությունից մի քանի օր անց «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը Չեչնիայում՝ իր աշխատակիցներին վտանգի չենթարկելու համար։

«Մեմորիալ»-ը Էստիմիրովայի սպանության մեջ մեղարդրում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին՝ նշելով, որ ճշմարտությունն ասողների նկատմամբ բռնությունն ու նրանց սպանությունները խրախուսվում են ստեղծված անպատժելիության մթնոլորտով։

«Ազատություն» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում Չեչնիայի նախագահը հերքել է իր հասցեին հնչող մեդարանքները՝ միեւնույն ժամանակ սպանված էստիմիրովայի մասին խոսելով ակնհայտորեն ոչ հարգալից տոնով. - «Եթե Կադիրովը մեղավոր է, եթե Կադիրովի մարդիկ մեղավոր են, թող ապացուցեն, ինչո՞ւ պետք է Կադիրովը սպաներ մի կնոջ, որ ոչ մեկին պետք չէր, նա երբեք պատիվ կամ ամոթ չի ունեցել»:

Ռամզան Կադիրովը Սադուլաեւայի սպանության վերաբերյալ հայտարարել է, որ գործը վերցնելու է իր անձնական վերահսկողության տակ: Նույն բանը, սակայն, նա հայտարարել էր նաեւ Էստիմիրովայի սպանությունից հետո։

«Սա դաժան սպանություն է, դա մարտահրավեր է իշխանություններին», - ասել է Քադիրովը: - «Ով որ դա կատարել է, ցանկանում է հասարակության մեջ պառակտում մտցնել»:

Գործը անձնական վերահսկողության տակ վերցնելու մասին այսօր հայտարարել է նաեւ Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան:

Այս տարվա սկզբից Չեչնիայում արդեն երեք իրավապաշտպան է սպանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG