Մատչելիության հղումներ

Հայաստանցի փորձագետները՝ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին


Մինչեւ հոկտեմբերի 14-ը, երբ նախատեսված է Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը, Անկարան որոշակի քայլեր կանի` դուրս բերելու հայ-թուրքական բանակացությունները ներկայիս լճացած վիճակից, սակայն այդ քայլերը չեն լինի այն պատասխանը, որն այսօր շատերը սպասում են Երեւանում։ Եթե փորձենք ընդհանրացնել, ապա սա է հայաստանյան փորձագետների կանխատեսումը աշնանը սպասվող հայ-թուրքական բանակցություների հերթական ռաունդի վերաբերյալ։

Օրինակ, Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, Թուրքիան որոշում է ընդունել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ, սակայն, այդքանով հանդերձ, Անկարայում ցանկանում են հնարավորինս շատ զիջումներ կորզել Երեւանից` մինչեւ հարաբերությունների նորմալացումը։

«Իհարկե, Թուրքիան շահագրգռված կլինի, որ Հայաստանը բանակցային գործընթացից դուրս չգա, բայց մյուս կողմից էլ՝ կձգտի ամեն կերպ Հայաստանից որոշակի զիջումներ կորզել», - ասաց Սաֆրաստյանը՝ եզրակացնելով. - «Եթե ընդհանրացնենք, ապա կարող ենք եզրակացնել, որ Թուրքիան որոշակի ինչ-որ քայլի կդիմի մինչեւ հոկտեմբեր, որը չի լինի մեծ քայլ, բայց Թուրքիան ամեն կերպ կձգտի դա ներկայացնել որպես կարեւոր զիջում իր կողմից»:

Նույն կանխատեսումն է կատարում թուրքագետ Արտակ Շաքարյանը։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր Թուրքիա մեկնելը պայմանավորել է հայ-թուրքական սահմանի վերաբացմամբ կամ Անկարայի կողմից այլ դրական քայլ կատարելու անհրաժեշտությամբ։

«Թուրքիան հստակորեն սահմանը չի բացի», - ասաց Շաքարյանը: - «Որեւէ դրական խոշոր քայլ չի լինի: Դա կլինի շատ փոքր քայլ, ինչպես, օրինակ, Աղթամարի թանգարանի վրա խաչ դնելը, կամ հիմա շատ քննարկվում է Անիի ավերակներում գոնե մեկ եկեղեցի վերականգնելու հարցը»:

Թուրքագետներն ասում են, որ, չնայած առկա խնդիրներին, Անկարայի համար կարեւոր է դարձել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը, որովհետեւ անցած տարվա ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան ուժեղացրել է իր աշխարհաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը սպառնալիք է թուրքական շահերին։ Ուստի ռուսական զորքերից պարտություն կրած Վրաստանի ֆոնին` հայ-թուրքական փակ սահմանը միայն նպաստում է, որ տարածաշրջանում թուրքական ներկայությունը կրճատվի։

Բայց ահա, թե այս ամենից զատ ինչ է ասում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը. - «Թուրքիայի համար դա հայ-թուրքական հարաբերությունների ստեղծում չէ: Այսինքն՝ Թուրքիան ցանկություն չունի Հայաստանի հետ համաձայնության գալով ինչ-որ խնդիրներ լուծել»: Նա փորձում է պարտադրել Հայաստանին այն, ինչ որ իրեն ձեռնտու է՝ ելնելով նոր այդ ստեղծվելիք հարաբերություններից գերտերությունների հետ»:

Ամեն դեպքում, շատերն են միակարծիք, որ այս տարի մեկնարկած հայ-թուրքական համեմատաբար ակտիվ բանակցությունները վաղ թե ուշ հասնելու են իրենց տրամաբանական ավարտին` այս կամ այն արդյունքով։ Առավել հավանական է, որ այդ արդյունքը չլուծի առկա խնդիրները, սակայն միեւնույն ժամանակ, այն դժվար էլ թե բացառի հայ-թուրքական հետագա բանակցությունները։

Հարցին, թե հետայսու ինչ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանը Թուրքիայի հետ բանակացություններում, Ռուբեն Սաֆրաստյանը արձագանքեց. - «Նախագահ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որը սկզբունքորեն տարբերվում է մեր դիվանագիտության՝ վերջին շրջանում արտահայտած կարծիքներից, պետք է հիմք դնի նոր դիվանագիտական ոճի՝ ակտիվ, ավելի հստակ, ավելի սկզբունքային քայլեր եւ հայտարարություններ»:

Նույն հարցի կապակցությամբ Մանվել Սարգսյանն ասաց, որ եթե այսօր Թուրքիան գիտի, թե ինչ է պատրաստ առաջարկել Հայաստանին (օրինակ, հայ-թուրքական սահմանի վերաբացումը), ապա մենք դեռ չենք կողմնորոշվել` մենք ինչ ենք պատրաստ առաջարկել Թուրքիային:

«Հայաստանը ի՞նչ է տալիս Թուրքիային, ի՞նչ է առաջարկում, համարժեք… Սա ամենակարեւոր բանն է՝ եթե դուք ուզում եք իսկապես ինքներդ հարաբերություններ ստեղծել, դուք պիտի առաջարկներ ունենաք: Առաջարկեք մի բան, որը արժեք է ներկայացնում Թուրքիայի համար: Ես նման առաջարկներ չեմ տեսել, բացի այն հանձնաժողովից՝ պատմական, որը այսքան աղմուկ ստեղծեց: Դա կարող է արժեք ներկայացնել Թուրքիայի համար: Բայց դա բավարա՞ր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG