Մատչելիության հղումներ

«Հայաստանում օրենքների պահպանման հարցում լուրջ խնդիրներ կան»


Հայաստանում օրենքների պահպանման հարցում լուրջ խնդիրներ կան: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավաբան Հրայր Թովմասյանը:

«Առաջին հերթին, մենք ունենք օրենքներով առաջնորդվելու, օրենքները կիրառելու, օրենքները պահպանելու խնդիր», - ընդգծեց իրավաբանը: - «Մենք ունենք իրավական նիհիլիզմիզ ձերբազատվելու եւ երկիրը օրենքներով կառավարելու խնդիր»:

Ըստ նրա, օրենքների հետ կապված` կա նաեւ մեկ այլ խնդիր. դրանք ընդունելիս հաշվի են առնվել կա'մ միայն երկրի առանձնահատկությունները, կա'մ միջազգային փորձը, եւ օրենքների մոտ մեկ երրորդի դեպքում է, որ այս երկու հանգամանքները առկա են:

«Օրենքների մի մասը այլ պետություններից փոխառած օրենքներ են, որոնք, ցավոք սրտի, այդքան էլ չեն արմատավորվում մեր իրականության մեջ, որովհետեւ հողը իրենց համար հարազատ չէ: Մյուս խումբ օրենքները օրենքներ են, որոնք հիմնված են մեր առանձնահատկությունների վրա, բայց հաշվի չի առնված միջազգային փորձը: Եվ երրորդ խումբ օրենքներն են, որոնք ներդաշնակ են` հաշվի է առնված մեր իրականությունը եւ հաշվի է առնված միջազգային փորձը», - ասաց Հրայր Թովմասյանը:

Իրավաբանի համոզմամբ` «այս երրորդ խումբ օրենքներն են, որոնց է պատկանում ապագան, եւ որոնց թիվը որքան շատ լինի, այնքան հասարակության բնականոն զարգացումը ավելի ներդաշնակ կլինի, ավելի կանխատեսելի կլինի»:

«Իսկ ո՞ր դեպքում Հայաստանում կսկսեն հարգել օրենքները», - այս հարցին Հրայր Թովմասյանը արձագանքեց. - «Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է զգա, որ օրենքներով ապրելը ձեռնտու է ե'ւ իրեն, ե'ւ բոլորին, եւ իշխանություններն էլ պետք է հասկանան, որ ցանկացած հասարակությունում, երբ երկիրը կառավարվում է ոչ թե օրենքներով, այլ տվյալ պահի իշխանության ինչ-ինչ ցանկություններով` տվյալ երկիրը ապագա չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG