Մատչելիության հղումներ

Վարչապետը կանխատեսում է 12 տոկոս տնտեսական անկում՝ տարվա կտրվածքով


«Այս տարի Հայաստանը կեզրափակի 12 տոկոսանոց տնտեսական անկմամբ», - չորեքշաբթի օրը Եղեգնաձորում լրագրողների հետ հանդիպմանը կանխատեսել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Իր նախորդ կանխպատեսման ժամանակ վարչապետը չէր բացառել տարվա կտրվածքով մինչեւ 20 տոկոսանոց անկումը։

Տիգրան Սարգսյանը այսօր նշեց, որ տարվա առաջին կեսին կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային քայլերի արդյունքում գալիք ամիսներին տնտեսական անկումը կմեղմանա, ինչն էլ իր ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսության տարեկան ցուցանիշների վրա. - «Այսինքն՝ տարվա վերջում կսկսվի վերականգնման ցիկլը: Այսպիսին է մեր նախնական կանխատեսումը»:

Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարվա կտրվածքով Հայաստանի տնտեսական անկման վերաբերյալ տվեց, փաստորեն, նույն թվերը. - «Անկեղծ ասած, ես էլ եմ այդ մտքին, որ թեեւ կիսամյակը ամփոփել են 16 եւ ավելի տոկոս անկումով, մինչեւ տարեվերջ անկման ծավալները լինելու են 12-13 տոկոսի միջակայքում»:

Հայտնի է, որ ներկայիս տնտեսական ճգնաժամի հետեւանքով, օրինակ, Ռուսաստանի բանկային համակարգում արդեն իսկ որոշակի խնդիրներ են առաջացել, եւ մոսկովյան ֆինանսիստներն անգամ չեն բացառում, որ աշնան կողմ բանկային համակարգի խնդիրները կարող են ի հայտ գալ ավելի ցայտուն կերպով։ Հաշվի առնելով Ռուսաստանի ու Հայաստանի տնտեսություների փոխկապվածության աստիճանը եւ այն, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքով մեզ մոտ նույնպես աճել է չվերադարձվող վարկերի թիվը` Տիգրան Սարգսյանին հարցրեցինք` արդյո՞ք նույն խնդիրները չեն սպասվում մեր բանկային համակարգում: Վարչապետը պատասխանեց. - «Մեր բանկային համակարգը գտնվում է բարվոք վիճակում: Մեր կապիտալիզացիայի մակարդակը չափազանց բարձր է: Լիկվիդայնության մակարդակը բավականին բարձր է: Իսկ ակտիվների որակը, իհարկե, նույնպես վատթարանում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռեալ հատվածում մենք ունենք բավականին լուրջ ռիսկեր: Բայց տեսակարար կշիռը դասակարգված վարկերի շատ հեռու է ռիսկային գոտուց»:

Վարչապետը խոսեց նաեւ գալիք տարվա Հայաստանի տնտեսական պատկերից։ Հարցը, իրոք որ, արդիական է, որովհետեւ այսօր էլ միջազգային բազմաթիվ փորձագետներ հավանական են համարում ճգբնաժամի երկրորդ փուլի սկզբնավորումը։

«Այս պահի դրությամբ, մենք ենթադրում ենք, որ պետք է 2010 թվականի բյուջեի հիմքում ընկած լինի մեկ տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսումը, եւ այդ ցուցանիշների ներքո մենք պետք է կառուցենք 2010 թվականի բյուջեն»:

Այդուհանդերձ Տիգրան Սարգսյանն ավելացրեց, թե շատ բան կախված կլինի առաջիկա ամիսների միջազգային ու Հայաստանի տնտեսությունների աճի ցուցանիշներից։

Բագրատ Ասատրյանը ասյ կապակցությամբ ասաց, թե իր կանխատեսմամբ` Հայաստանը դուրս կգա տնտեսական անկումից միայն 2011 թվականին։ Գալիք` 2010վականի համար նշեց՝ եթե այս տարվա վերջին ամերիկյան տնտեսությունում սկսվի վերելքը, իսկ Ռուսաստանում գրանցվի կայունացում, իսկ հաջորդ տարի՝ նաեւ տնտեսական աճ, ապա 2010-ին Հայաստանում կգրանցվի «1-2 տոկոս տնտեսական անկում»:

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել էր Վայոց Ձոր՝ տեղում ծանոթանալու, թե ինչ վիճակում է գտնվում «Թամարա ֆրութ» ընկերության կողմից իրականացվող օրգանիկ մշակությամբ այգիների ստեղծման ծրագիրը, որի համար դեռ այս տարվա փետրվարին կառավարությունն ընկերությանը հատկացրել էր 300 մլն դրամ սուբսիդիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG