Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետը համարում է, որ Սերժ Սարգսյանը պետք է մեկնի Թուրքիա


Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում: 5-ի օգոստոսի, 2009 թ.
Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում: 5-ի օգոստոսի, 2009 թ.

Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար անդամներից Հրանտ Բագրատյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, թե սխալ կլինի, եթե Սերժ Սարգսյանը հոկտեմբերին չմեկնի Թուրքիա:

«Նույնիսկ թշնամու հետ պետք է նորմալ թշնամություն անել», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բագրատյանը: - «Չգնալը ես կհամարեի բացարձակ հիմարություն… Կարծում եմ նաեւ, որ բացարձակ հիմարություն էր ընդհանրապես Ցեղասպանության հարցերում խրվելը, հարցի տակ դնելը: Մեր կողմից դա կոպիտ սխալ էր: Բացի դա, զարգացնելով այդ հարաբերությունները, թույլ չպետք է տալ, որպեսզի Թուրքիան հայտնվի տարածաշրջայանին առաջին ջութակի [դերում]: Դրա հետ մեկտեղ, մենք նեղանալու իրավունք չունենք, խոսքը պետության շահերի մասին է: Իհարկե, պետք է գնալ: Չպետք է թուրքերին ուրախացնել՝ չգնալով: Չի կարելի այդ հարաբերություններին ցուցաբերել տղայական մոտեցում»:

«Տղայական» է, ըստ Բագրատյանը, միայն բաց սահմանների պայմաններում Թուրքիա գնալու՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը:

Չորեքշաբթի օրը լրագրողներին հանդիպել էր նաեւ Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, ով հայտարարեց, որ չի հավատում վարչապետ Տիգրան Սարգսյանի ասածներին, եւ համարում է, որ կառավարության կողմից վարվող հակաճգնաժամային քաղաքականությունը ձախողված է:

«Կառավարության գործունեության նպատակները եւ ազնվությունը անձամբ ինձ հավատ չի ներշնչում», - ասաց Արսենյանը: - «Կառավարության հակագաժամանային գործողությունները, ինձ թվում է, որ ծխածածկույթ են. այդպես չեն պայքարում ճգնաժամի դեմ: Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը ձախողված է»:

Նախկին վարչապետ վարչապետ Հրանտ Բագրատյանը այս կապակցությամբ համոզմունք հայտնեց, թե տնտեսության անկման միայն 9 տոկոսն է պայմանավորված համաշխարհային ճգնաժամով, իսկ մնացած 91 տոկոսը, ըստ նրա, կառավարության «հիմարությունների» արդյունք է։ Նա նաեւ լուրջ կասկածներ ունի, որ Հայաստանի տնտեսության իրական անկումը կազմում է ոչ թե 16,3, այլ 30 տոկոս:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե գունավոր մետաղների գների աճի պայմաններում անգամ Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել, նախկին վարչապետը արձագանքեց, թե Հայաստանում արդյունաբերություն որպես այդպիսին չկա՝ համատարած մենաշնորհներ են, որոնց սեփականատերերը ակնկալում են գերշահույթներ եւ դիտմամբ չեն աշխատացնում հանքերը. - «Նրանց գերշահույթ պետք, շահույթ պետք չէ: Նրանք մենաշնորհ են եւ որեւէ շահագրգռվածություն չունեն աշխատելու»:

Հրանտ Բագրատյանը վստահ է, որ կառավարությունը անհապաղ պետք է կասեցնի միջազգային վարկերի հաշվին շինարարության ոլորտի ընկերություններին ցուցաբերվող պետական աջակցությունը` փաստարկելով, թե այդպիսով հնարավոր չէ խթանել պահանջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG