Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Ղարաբաղի կարգավիճակի շուրջ համաձայնություն առայժմ չկա»


«Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ համաձայնություն առայժմ չկա, քննարկումները շարունակվում են», - APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Մամեդովը հայտարարել է. - «Դրանց էությունը բոլորին էլ հասկանալի է: Սկզբում պետք է ազատագրվեն 5 կամ 6 շրջանները, հաջորդ փուլում` մեկ կամ երկու շրջան: Ապա կմեկնարկի փախստականների վերադարձի գործընթացը, կտեղակայվեն խաղաղապահները, կսկսվի տարածքների բարեկարգումը: Նախ կսկսվի մեկ կամ երկու շրջանի բնակեցման հարցը, բռնի տեղահանվածներն ու փախստականները նույնիսկ կսկսեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղի տարածք»:

Իրականացվելիք գործողությունների թվում Մամեդովը նաեւ նշել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցքի ստեղծումը:

«Տարիներ են պետք ողջ կարգավորման պրոցեսի, այդ թվում վերաբնակեցումն իրականացնելու համար` առնվազն 5-6 տարի, չի բացառվում, որ սա ձգվի` տեւելով ընդհուպ մինչեւ 10 տարի», - ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը:

«Փախստականների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը եւ հաղորդակցության ուղիների վերաբացմանը կհաջորդի Ղարաբաղի ինքնավարության հարցի լուծումը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում», - ասել է Նովրուզ Մամեդովը:

Նա հերքել է պարբերաբար հայտնվող պնդումները, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի նկատմամբ լուրջ ճնշում է գործադրվում, եւ վստահեցրել է, թե այսօր միջազգային հանրությունը ճնշում է գործադրում բացառապես Հայաստանի վրա:

«Հայաստանի վրա ճնշումը սաստկանում է: Հայ - թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների` Իտալիայում ընդունած հայտարարությունը, Պետդեպարտամենտի դիրքորոշումն ու Ռուսաստանի առանձնահատուկ ակտիվությունը այս հարցում ուժեղացնում են ճնշումը Հայաստանի վրա», - պնդել է Մամեդովը:

Խոսելով բանակցություններում նոր զարգացումների մասին` Նովրուզ Մամեդովը խորհուրդ է տվել սպասել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հաջորդ տարածաշրջանային այցին. - «Տեսնենք` Մադրիդյան սկզբունքներից որո՞նք են նրանք որպես հիմք ընդունելու, եւ արդյոք նրանք նոր գաղափարներ առաջ կքաշե՞ն, թե՞ ոչ»:

Նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հաջորդ հանդիպման մասին, որը, ըստ նախնական տվյալների, կայանալու է հոկտեմբերին` Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում, Մամեդովը ասել է. - «Համանախագահները թող գան տարածաշրջան` տեսնենք, թե ինչի մասին է խոսքը»:

Նովրուզ Մամեդովի խոսքով, միայն դրանից հետո պարզ կդառնա` հնարավո՞ր է Քիշնեւում կարգավորման վերաբերյալ նոր փաստաթղթի ստորագրում, թե՞ ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG