Մատչելիության հղումներ

Նինո Բուրջանաձե. «Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ նոր պատերազմ»


Նինո Բուրջանաձեն «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, 3 օգոստոսի, 2009
Նինո Բուրջանաձեն «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, 3 օգոստոսի, 2009

«Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ նոր պատերազմ», - հայտարարել է «Միացյալ Վրաստան - Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, մինչեւ 2008 թվականի գարունը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, ով երկուշաբթի երեկոյան հյուրընկալվել էր «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության Պրահայում գտնվող կենտրոնական գրասենյակում:

Հարցին, թե ի՞նչ լուծում է տեսնում ռուս - վրացական՝ դիվանագիտական մակարդակում դեռ շարունակվող հակամարտության համար, Բուրջանաձեն պատասխանել է. - «Այս պատերազմը պետք է ավարտվի միայն դիվանագիտորեն, միայն բանակցությունների միջոցով: Որքան էլ բարդ լինի, այնուամենայնիվ` ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ նոր պատերազմ, լուծումը բանակցություններն են, ընդ որում` նաեւ Ռուսաստանի հետ»:

Իսկ թե ինչ կաներ նախորդ տարվա օգոստոսին ստեղծված իրավիճակում, եթե իշխանությունում լիներ` Բուրջանաձեն ասել է. - «Ես կանեի ամեն ինչ Ռուսաստանի հետ ուղղակի բախումից խուսափելու համար: Ակնհայտ էր, որ դա սադրանք է, եւ Վրաստանը չպետք է ենթարկվեր այդ սադրանքին, չպետք է ուղիղ բախման գնար Ռուսաստանի հետ, քանի որ դրան ենթարկվելը կործանարար կլիներ Վրաստանի եւ նրա բանակի համար»:

«Նախօրոք գիտեի՞ք արդյոք, որ պատերազմ կսկսվի», - այս հարցին Նինո Բուրջանաձեն պատասխանել է. - «Ես կասկածում էի, որ հնարավոր է ՝ նման բան տեղի ունենա: Ես Միխեիլ Սահակաշվիլիի հետ օգոստոսի 3-ի հանդիպմանը զգուշացրել էի նրան, որ ակնհայտ սադրանքներ եմ տեսնում եւ որ հնարավոր է՝ փորձ արվի Վրաստանը ներքաշել սադրանքների մեջ, եւ խնդել էի Սահակաշվիլիին՝ չենթարկվել եւ չգնալ այդ քայլին, որովհետեւ դա կկործանի երկիրը: Սահակաշվիլին, դժբախտաբար, չշրջանցեց կամ չկարողացավ շրջանցել այդ վտանգը»:

«Ես սպասում եմ Եվրամիության հատուկ հանձնաժողովի եզրակացությանը, սակայն դուք որպես լրագրող լուսաբանել եք եւ տեսաք, թե ինչ անկազմակերպ էր այդ կարճատեւ պատերազմի ընթացքում վրացական կողմը, եւ ինչ ամոթալի կերպով իրեն պահեց Վրաստանի ղեկավարությունը, չնայած մեր զինվորները կռվում էին անձնազոհ», - ասել է վրաց ընդդիմադիր գործիչը:

Ռուս - վրացական պատերազմի տարելիցի նախաշեմին, Ռուսաստանը երկուշաբթի օրը զորախաղեր է սկսել Հարավային Օսիայում:

Օգոստոսյան պատերազմի տարելիցի մոտենալուն զուգընթաց` ավելանում են փոխադարձ մեղադրանքները Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Վրաստանը մեղադրում է Ռուսաստանին, որ վերջինս սկսել է Հարավային Օսիայի սահմաններից դեպի Վրաստանի տարածքի խորքերը թափանցել, որ ռուս զինվորները անցած հանգստյան օրերի ընթացքում սահմանը կես կիլոմետրով առաջ են տեղափոխել դեպի Քվեշի գյուղ, հարավօսական լրատվական աղբյուրներն էլ մեջբերում են Ռուսաստանի պաշտոնական պատասխանը, որ նման միջադեպ ընդհանրապես տեղի չի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG