Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի անիմացիոն ֆիլմերի փառատոն


Հոկտեմբերի 3-6-ը Երեւանում անցկացվելիք «Ռեանիմանիա» փառատոնի լոգոն
Հոկտեմբերի 3-6-ը Երեւանում անցկացվելիք «Ռեանիմանիա» փառատոնի լոգոն

Հայկական առաջին մուլտֆիլմի էկրանավորումից 7 տասնամյակ հետո մեր երկրում անիմացիոն արվեստը վերակենդանացնելու փորձ կանի «Ռեանիմանիա» փառատոնը, որը կանցկացվի Երեւանում հոկտեմբերի 3-ից 6-ը:

Գաղափարը փառատոնի հիմնադիր եւ ղեկավար Վրեժ Քասունու գլխում ծագել է դեռ 5 տարի առաջ, վերջին 3 տարիների ընթացքում այն առավել ակտիվ խմորումների է ենթարկվել ու այս տարի իրականություն կդառնա: Փառատոնը նպատակ ունի վերակենդանացնել Հայաստանի անիմացիոն համբավը:

«Ռեանիմանիա»-ի հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է: Ի ուրախություն կազմակերպիչների, արդեն շատ մեծ միջզագային հետաքրքրություն կա անիմացիոն ֆիլմերի հայկական առաջին փառատոնի նկատմամբ: Հայտեր կան արդեն 20 երկրներից` ԱՄՆ-ից մինչեւ Հնդկաստան ու Ավստրալիա: Մրցույթում տեղ կգտնեն նաեւ տեղական անիմացիոն աշխատանքները: Հայկական առանձին ծրագիր գուցե լինի, բայց ոչ մրցութային եւ կներառի մինչեւ 2007թ-ը ստեղծված աշխատանքները: Համագործակցելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ` 4-օրյա փառատոնի ընթացքում հետահայաց ցուցադրություններում կներկայացվի հայկական անիմացիոն ժառանգությունը:

«Ռեանիմանիա» փառատոնը նաեւ քննարկումների դաշտ կդառնա ոլորտի մասնագետների համար: Նախատեսում են հատուկ ծրագիր արտադրության մեջ գտնվող եւ դեռ անավարտ աշխատանքներ ներկայացնելու համար, որը փոքրիկ շուկայի նման բան կդառնա:

Կունենան նաեւ փառատոնային ֆորում, որտեղ Հայաստանում գործող անիմացիոն ստուդիաներն իրենց տաղավարներում կներկայացնեն սեփական գործերը, կհանդիպեն ու կքննարկեն համագործակցության հնարավորությունները:

Մանկական ծրագիր էլ կլինի, ամեն օր կեսօրին «Ռեանիմանիա» փառատոնը մուլտֆիլմեր կցուցադրի հատուկ երեխաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG