Մատչելիության հղումներ

«Կառուցողական բարկությամբ» դեպի հայկական կինոարտադրություն


Angry Studio-ի ղեկավարները մամուլի ասուլիսում:
Angry Studio-ի ղեկավարները մամուլի ասուլիսում:
Ընդամենը մեկ տարվա պատմություն ունեցող ստուդիան ղեկավարում է գլխավոր պրոդյուսեր Վահան Գասպարյանը` մասնագիտությամբ ռեժիսոր, նրան այդ հարցում օգնում է Անդրանիկ Մուրադխանյանը` որպես գործադիր պրոդյուսեր: Առաջիկայում պատրաստվում են թողարկել իրենց առաջին DVD սկավառակը, որը ներառելու է իրենց բնորոշմամբ «նոր ալիքի» 8 ֆիլմեր:

Ֆիլմերի մասին հիմնականում ոչինչ չեն պատմում, բացի այն, որ դրանք կարճամետրաժ են, նկարահանվել են բացառապես երիտասարդների կողմից եւ որ պիտի դառնան հայկական կինոյի նոր խոսքը: Պնդեցին, որ ռեժիսորներից ոչ մեկին չենք ճանաչի, բայց նրանց գործերի որակի հարցում պիտի չկասկածենք:

Երկար հարցախույզից հետո ինձ ի վերջո հաջողվեց պարզել, որ 8 ֆիլմերից մեկը հեղինակել է հենց ինքը` ստուդիայի ղեկավար Վահան Գասպարյանը:

Ընդհանրապես իրենց նախագծում տեղ գտած ֆիլմերը, որոնք գրեթե պատրաստ են, ասում են ընտրել են մրցութային կարգով: Angry studio-ի մամուլի պատասխանատու Նվարդ Մանվելյանը պնդեց, որ հայտարարություն տարածել են երիտասարդների շրջանում:

Ընտրությունն էլ, ասում են, գեղարվեստական խորհուրդն է կատարել, որի կազմը հրապարակել չցանկացան, խոստացան դա անել ֆիլմերի պրեմիերայից առաջ:

Հիմա աշխատում են նախագծի թողարկման ուղղությամբ, բայց արդեն այն մասսայականացնելու լուրջ մտքեր ունեն: Պատրաստվում են ցուցադրել կինոթատրոններում, հանել վաճառքի ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում: Հավատում են, որ մեր կինոյի դիստրիբուցիոն խնդիրները հիմնականում պրոֆեսոնալիզմի ու խանդավառության պակասից են առաջանում: Իրենք, օրինակ, որպես պրոֆեսիոնալիզմի առաջին հնարամիտ քայլ, որոշել են վաճառքը կազմակերպել հակաճգնաժամային գներով` 1500 դրամ: Ի դեպ, իրենց խոսքով, այս գործով սկսել են զբաղվել հանուն գաղափարի եւ ոչ բիզնեսի, թեեւ դեմ չեն զուգահեռ նաեւ գումար վաստակել:

Ընդամենը 1 տարվա պատմություն ունեցող Angry Studio-ն նախկինում կարողացել է մի գերմանական ֆիլմ ներմուծել եւ ցուցադրել Հայաստանում, ստուդիան կոչել են Angry, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «բարկացած», քանի որ, ըստ իրենց՝ «կառուցողական բարկություն» ունեն:

Իսկ իրենց գործունեության համար ֆինանսավորում ստանում են մոսկովյան գործընկերոջից` «Հայ արտ մեդիա»-ից, որը հոգում է նախագծի բոլոր ծախսերը: Ինտերնետում կատարված փոքրիկ հարցումով կարողացանք պարզել, որ այդ ընկերությունը գլխավորում է Հարություն Գասպարյանը, թե ինչ ազգակցական կապ ունի նա Վահան Գասպարյանի հետ, Angry studio-ի ներկայացուցիչները որոշեցին չպատասխանել` դա համարելով ոչ կարեւոր տեղեկատվություն մամուլի համար:

Մեզ մնում է սպասել ու տեսնել, թե կառուցողական բարկությամբ հայկական կինոարտադրություն մտնելու փորձերն ինչով կպսակվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG