Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը մինչեւ հուլիսի 31-ը չի ներկայանա իշխանություններին


Խաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող` Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում մինչեւ հուլիսի 31-ը ներկայանալ Հայաստանի իրավապահ մարմիններին: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարեցին Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանը եւ Արթուր Գրիգորյանը:

«Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանալ իշխանություններին, քանի որ ավելի քան համոզված է իր անմեղության մեջ եւ կասկած չունի, որ արդարությունը ի վերջո հաղթանակելու է», - ասաց Զաքարյանը:

Փաստաբաններ հրապարակեցին նաեւ գործարար պատգամավորի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է. - «Ես իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ որեւէ հանցագործություն չեմ կատարել եւ բացի այդ` զրկված չեմ իմ պատգամավորական անձեռնմխելիությունից: Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի որեւէ անձ, որը ապացուցի իմ կողմից հանցագործություն կատարելու որեւէ փաստ: Ես սիրում եմ իմ հայրենիքը եւ զրկանքներ եմ կրում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը աջակցելու, իմ` որպես պատգամավորի, պարտքը բարեխղճորեն կատարելու համար»:

Սուքիասյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 225 հոդվածով` «զանգվածային անկարգություններ»: Այդ հոդվածով սահմանված ամենախիստ պատիժը 4-ից մինչեւ 10 տարվա ազատազրկումն է:

Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշման համաձայն` պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները: Նույն որոշման համաձայն` հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կարող է տարածվել, եթե նրանք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին:

Չորս պատգամավորների, այդ թվում` Խաչատուր Սուքիասյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Ազգային ժողովը բավարարել է 2008 թվականի մարտի 4-ին:

Ի պատասխան հարցի` ի՞նչ հիմքով է Խաչատուր Սուքիասյանը հայտարարում, որ զրկված չէ պատգամավորական անձեռնմխելիությունից, փաստաբան Արա Զաքարյանը պարզաբանեց, որ երբ գլխավոր դատախազը խորհրդարանին ներկայացրեց իր միջնորդագիրը, հիմնավորում էր, թե փաստեր կան, որ չորս պատգամավորները հանցագործություն են կատարել Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների հատկանիշներով, սակայն 2009 թվականի մարտին, «երբ Քրեական օրենսգրքում կատարվեցին համապատասխան փոփոխություններ, ապաքրեականացվեցին այդ հոդվածները, դրանից հետո արդեն նոր հոդվածով մեղադրանք առաջադրելու եթե անհրաժեշտություն կար, ապա, անշուշտ, պետք է գլխավոր դատախազը կրկին դիմեր Ազգային ժողով` խնդրելով տալ համաձայնություն նոր հոդվածով նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար»:

«Ժառանգություն» խմբակցությունը, ինչպես նաեւ անձեռնմխելիությունից զրկված պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը դիմել էին Ազգային ժողովի նախագահին նույն պահանջով, սակայն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պնդել էր, որ նոր միջնորդությամբ խորհրդարանին դիմելու անհրաժեշտություն չկա:

Այդուամենայնիվ, Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները համոզմունք հայտնեցին, որ դա անհրաժեշտ է: Արթուր Գրիգորյանի կարծիքով, մասնավորապես, «գլխավոր դատախազության կամ Հատուկ քննչական ծառայության` այս առթիվ բերվող փաստարկները որեւէ քննադատության չեն դիմանում»:

Փաստաբանների գնահատմամբ` Հայաստանի իշխանությունները չեն կատարել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւերում ամրագրված պարտավորությունները:

«Իշխանությունների կողմից համաներման ակտի ընդունումը ինքնին չի նշանակում եւ չի կարող մեկնաբանվել իբրեւ այն պարտավորությունների ամբողջական կատարում, որոնք նրանք ունեն Խաչատուր Սուքիասյանի եւ նրա գործընկերների նկատմամբ: Ուշ թե շուտ իշխանությունների առջեւ դրվելու է նաեւ ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումները իսպառ դադարեցնելու անհրաժեշտության հարցը», - վստահեցրեց Արա Զաքարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ արդեն մեկ գանգատ ուղարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. - «Եվրոպական դատարանում գրանցված է պարոն Սուքիասյանի գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության այն առթիվ, որ իրեն Եվրոպական կոնվենցիայի 5 հոդված երրորդ կետի խախտումներով կալանավորելու մասին որոշում է դատարանը կայացրել, այնուհետեւ նա շուրջ վեց ամիս զրկված է եղել իր ընտրած պաշտպանների միջոցով պաշտպանվելու հնարավորությունից, իսկ նրա պաշտպանների բողոքները կալանավորելու որոշման վերաբերյալ անհիմն կերպով չեն քննարկվել»:

Խաչատուր Սուքիասյանի դիմումը ընդունել է նաեւ Սահմանադրական դատարանը, որը այն քննելու է սեպտեմբերի առաջին կեսին: Պաշտպանական կողմի մեկնաբանությամբ` Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմը, որով անձի վերաբերյալ հեռակա կարգով կալանավորելու որոշում կայացնելու հնարավորություն է տրվում, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG