Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական սահմանամերձ «Ախուրյան 2» կայարանում բեռնափոխադրման համալիր կառուցելու աշխատանքներ առայժմ չեն կատարվում


Հայաստան -- Գյումրի-Կարս երկաթուղու մի հատված
Հայաստան -- Գյումրի-Կարս երկաթուղու մի հատված

Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրյան 2» երկաթուղային կայարանում վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում, թեեւ ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարել էր, որ այստեղ պատրաստվում են բեռնափոխադրման համալիր հիմնել։

«Գյումրի» կայարանի տնօրեն Վահան Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես ասաց. - «Գյումրի-Ախուրյան հատվածում աշխատանքներ տարվել են, իսկ «Ախուրյան 2» [կայարանում], որը գտնվում է սահմանում, այդ հատվածում նույնպես մենք անցած տարի ունեցանք աշխատանքների կատարում, բայց այս տարի դեռ այդտեղ ընդհանուր աշխատանք չենք կատարել»։

Այդուհանդերձ, Գասպարյանը հավաստիացրեց, որ գոյություն ունեցող երկաթուղագիծը աշխատանքային վիճակում է. - «Կարելի է շահագործել, բայց ունի նաեւ հետագա աշխատանքների պահանջ»

Անցած ամառ վերանորոգման աշխատանքներ տարվեցին Գյումրի-Կարս երկաթգծի 12 կիլոմետրանոց հատվածում։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն այս տարի հայտարարել էր, որ Գյումրի-Կարս երկաթգծում այս տարին նույնպես կտարվեն վերանորոգման աշխատանքներ, իսկ «Ախուրյան» կայարանում կկառուցվի բեռնափոխադրման համալիր։ Այդուհանդերձ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները նաեւ նշել էին, որ «ամեն ինչ կախված է սահմանի բացման ժամկետներից, նախատեսվող փոխադրումների ծավալից»։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այս ամիս մտահոգություն էր հայտնել հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ։

Հայաստանյան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ վերլուծաբաններ վերջին շրջանում կարծիք են հայտնել, որ հայ-թուրքական հաշտեցման բանակցությունները ներկայումս սառեցված են։

Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն, սակայն, անցած ամիս հայտարարել էր, թե հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կանգ չի առել եւ նշել էր, որ մինչեւ ինչեւ երկու երկրների ֆուտբոլի հավաքականների միջեւ կայանալիք հերթական հանդիպումը, որը տեղի է ունենալու հոկտեմբերին, պաշտոնական Անկարան դրական զարգացումներ է սպասում թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման առումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG