Մատչելիության հղումներ

Գայ Մանուկյանը երաժշտությունը ապրելակերպ է համարում


Լիբանանահայ հայտնի երգահան, դաշնակահար Գայ Մանուկյանը Time Out Dubai ժամանցային կայքում հրապարակված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է բացահայտել Հայաստանում անցյալ տարի ունեցած իր համերգներից:

«Պատահե՞լ են երբեւէ տարօրինակ միջադեպեր ձեր երկրպագուների հետ հարցին» Գայ Մանուկյանը պատասխանել է, որ նման միջադեպ եղել է իր երեւանյան համերգի ժամանակ:

«Անցյալ տարի Հայաստանում համերգ ունեի, մի աղջիկ փորձում էր ետնաբեմ գալ, եւ թիկնապահը խփեց աղջկան, ես դա տեսա եւ քիչ էր մնում զայրույթից խելագարվեի… Ես դուրս եկա հավաքված ամբոխի մեջ, եւ մենք սկսեցինք փնտրել այդ աղջկան, հետո մենք նրան ետնաբեմ բերեցինք, եւ նա ինձ հետ մնաց ողջ համերգի ընթացքում: Դա էր ամենատարօրինակ բանը, որ պատահել է ինձ հետ` ես երբեք չէի տեսել եւ մտքովս էլ չէր անցնի, որ թիկնապահը կարող է աղջկա հարվածել, եւ դա ինձ իրոք շատ մտահոգեց», - պատմել է Գայ Մանուկյանը:

Time Out Dubai ժամանցային կայքէջին Գայ Մանուկյանը նաեւ իր նոր` 6-րդ ձայնասկավառակի մասին է պատմել: Այս տարվա հունիսի 15-ին թողարկված «Ասսուման» ալբոմը լույս տեսնելուց ի վեր համար առաջինն է Լիբանանում, եւ ընդամենը մեկ ամսվա ընթացքում այն արդեն հասցրել է ոսկե գույն ստանալ նաեւ ողջ Միջին Արեւելքում: Եվրոպայում ալբոմը պաշտոնապես ներկայացելու է միայն մեկ շաբաթից՝ օգոստոսի 3-ին, եւ այնտեղ իրացվելու է Vibes («Թրթիռներ») խորագրի ներքո:

«Իմ նոր ձայնասկավառակը կոչվում է «Ասսուման», դա պարսկերեն բառ է եւ նշանակում է «պարզ երկինք»: Երկու տարի աշխատել եմ այս ալբոմի վրա, այն լավագույնն է իմ բոլոր աշխատանքներից, ձայնասկավառակի մի մասը ամբողջապես իմ ոճով է, այսինքն` Արեւելքն ու Արեւմուտքը խառնվում են ժամանակակից ռիթմերում, մյուսը մասը ավելի միջազգային է: Իմ երաժշտությունը մաքուր արաբական չէ, այն յուրահատուկ խառնուրդ է, նոր տեսակի հնչողություն, դրանում կան ե’ւ պարսկական ու արաբական, ե’ւ քաղդեական ու ասորական հնչյուններ», - Asia Uncat հեռուստաշոուի ընթացքում ասել է Գայ Մանուկյանը:

Հայազգի երգահանն իր երաժշտությունն անվանում է լիբանանյան եւ բացատրում, թե ինչպես է այդ յուրահատուկ եւ նոր հնչողությունն ի հայտ եկել. - «Ես ծնվել եւ մեծացել եմ Լիբանանում, եւ երբ դու ապրում ես Լիբանանում, դու ամեն կողմից առնչվում ես տարբեր ազգերի երաժշտությանը եւ մշակույթին: Ես մանկուց սովորել եմ դասական երաժշտություն, լսել եմ նաեւ ֆրանսիական երգեր, քանի որ ֆրանսախոս երկիր է, այնուհետեւ ռադիոյով նաեւ անգլերեն երգեր եմ լսել... Լիբանանում մեծանալս ինձ դարձրել է այն, ով եմ այժմ երաժշտության մեջ: Դրա համար իմ երաժշտությունը կոչում եմ լիբանանյան, որը Արեւելքի եւ Արեւմուտքի խառնուրդ է եւ ավելին, քան պարզ խառնուրդը` ինչ-որ նոր բան է»:

Ինչպես եւ իր երաժշտությունը ներառում է բազմաթիվ տարրեր տարբեր մշակույթներից, ինքը Գայ Մանուկյանն էլ իր մեջ ներառում է բազմաթիվ տաղանդներ. երգահան է, դաշնակահար, նաեւ բասկետբոլիստ եւ բարձրագույն կրթությամբ իրավաբան:

Երաժշտությունը, սակայն, համարում է ապրելակերպ՝ խոստովանել է նա Asia Uncat հեռուստահաղորդմանը տված իր հարցազրույցում. - «Բասկետբոլ խաղալը, իրավագիտությունը եւ երաժշտությունը ստեղծում են իմ երաժշտական կարիերան… Բասկետբոլում դու սովորում ես խաղալ թիմում, սովորում ես վստահել: Ես հիմա ունեմ իմ խումբը եւ նրանց հետ նույն կերպ եմ աշխատում, ինչ մարզիչը բասկետբոլի թիմի հետ, դա շատ ինձ օգնում է: Եվ երբ դու իրավագիտություն ես սովորում, դու սկսում ես ճիշտը սխալից տարբերել եւ ավելի պրակտիկ ես դառնում: Ես արվեստագետ եմ, բայց ես կյանքից կտրված արվեստագետներից չեմ, եւ կարծում եմ` այս ամենը փոխլրացնող է եւ նպաստում է իմ երաժշտությանը որեւէ կերպ»:

Եվրոպայում իր նոր ալբոմը ներկայացնելուց մեկ շաբաթ հետո` օգոստոսի 9-ին Գայ Մանուկյանը մասնակցելու է Լիբանանում անցկացվող եւ Միջին Արեւելքում խոշորագույն «Բեյթեդին» փառատոնին, որ այս տարի մեկնարկել է հուլիսի 2-ից եւ համախմբում է այնպիսի հանրաճանաչ անունների, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը եւ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան իր No Smoking անկրկնելի նվագախմբով:

Փառատոնի մեկ օրը` օգոստոսի 9-ը Գայ Մանուկյանինն է: Նա ներկայանալու է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

«Իմ կարիերայում` որպես Միջին Արեւելքի երաժիշտ, սա մեծագույն նվաճումներից է, որին երաժիշտը կարող է հասնել: Եվ ինձ այնտեղ նվագակցելու է Երեւանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, ու նաեւ Մարիո Ռեյեսը Gypsy Kings խմբից, եւ դա իրոք շատ ոգեւորիչ է ինձ համար», - ասել է Գայ Մանուկյանը Asia Uncat հեռուստաշոուի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG