Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին` տասը տարի քաղաքական վերնախավում


Բորիս Ելցինը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատիրարք Ալեքսի երկրորդը մասնակցում են Վլադիմիր Պուտինի պաշտոնակալության արարողությանը, Մոսկվա, 7 մայիսի, 2000
Բորիս Ելցինը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատիրարք Ալեքսի երկրորդը մասնակցում են Վլադիմիր Պուտինի պաշտոնակալության արարողությանը, Մոսկվա, 7 մայիսի, 2000

Երկու շաբաթ անց Ռուսաստանի քաղաքական ասպարեզում նշելու են մի ուշագրավ հոբելյան` 1999 թվականի օգոստոսի 9-ին նախագահ Բորիս Ելցինը շատերի համար անհայտ պաշտոնյա Վլադիմիր Պուտինին նշանակեց վարչապետի պաշտոնակատար եւ նույն օրը հեռուստատեսությամբ դիմելով հայրենակիցներին, ի լուր աշխարհի հայտարարեց, որ Պուտինն է իր քաղաքական ժառանգորդը:

Հետագայում Պուտինը առանց էական բարդությունների երկու անգամ անընդմեջ ընտրվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ, հիմա էլ վերստին ղեկավարում է կառավարությունը եւ, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի նախագահական հաջորդ ընտրություններում:

Քաղաքական վերնախավում Պուտինի հայտնվելու տասնամյակի նախօրեին «Լեւադա» վերլուծական կենտրոնը հետազոտություն է անցկացրել` առաջարկելով գնահատել այդ տասը տարիների աշխատանքը:

«Ի՞նչն եք համարում Պուտինի գլխավոր նվաճումը» հարցին ի պատասխան` հարցվածների 22 տոկոսը նշել է կենսամակարդակի, աշխատավարձերի, թոշակների աճը, 17 տոկոսը` երկրի տնտեսական զարգացումը, 9 տոկոսը խոսել է լավատեսության աճի եւ երկրում իրավիճակի մոտալուտ բարելավման հույսի մասին, 8 տոկոսը նշել է երկրում կարգուկանոն եւ քաղաքական ասպարեզում անդորր հաստատելու գործոնը, համապատասխանաբար 7 ու 5 տոկոսը ասել է, որ Պուտինի օրոք Ռուսաստանը ամրապնդել է իր միջազգային դիրքն ու բարելավել հարաբերությունները Արեւմուտքի հետ:

Հարցվածներից եւ ոչ մեկը նվաճումների թվում չի նշել ժողովրդավարության եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը:

Պուտինի ձախողումների ցանկում են կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ անհաջող պայքարը եւ օլիգարխներին սանձահարելու ձախողված փորձերը:

«Լեւադա» կենտրոնի փոխանցմամբ` հարցումը, այնուամենայնիվ, վկայում է, որ բնակչության մեծամասնությունը` 53 տոկոսը քաղաքական առաջնորդներից ամենից շատ վստահում է հենց Վլադիմիր Պուտինին, իսկ 63 տոկոսը համոզված է, որ Պուտինի ձեռքում իշխանության կենտրոնացումը նպաստավոր է Ռուսաստանի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG