Մատչելիության հղումներ

Երիտասարդ ընդդիմադիրները պահանջում են ազատ արձակել Բաբաջանյանին


Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) երիտասարդական միությունը այսօր բողոքի ցույց էր կազմակերպել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ազատ արձակելու պահանջով:

Ակցիան անցավ Երեւանի կենտրոնում ՝ Կորյունի փողոցի այն հատվածում, որտեղ տեղակայված է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակը՝ ավարտվելով երթով դեպի Մարտիրոս Սարյանի արձանը:

«Պահանջում ենք, որպեսզի Արման Բաբաջանյանին անմիջապես ազատ արձակեն՝ իր առողջության հետ կապված խնդիրների պատճառով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՀՇի երիտասարդական միության նախագահ Կարեն Կարապետյանը: - «Իր առողջությունը օր-օրի վատանում է»:

Արման Բաբաջանյանի լուսանկարներով մոտ մեկ տասնյակ ցուցանակներով եւ «Ազատություն Արման Բաբաջանյանին» մակագրությամբ պաստառներով մի քանի տասնյակ երիտասարդ մարդիկ կանգնել էին մայթեզրից մի փոքր այն կողմ փողոցի երթեւեկելի մասում եւ վանկարկում էին՝ «Ազատություն», «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»:

Չնայած բողոքի ակցիայի կազմակերպիչների մտավախությանը՝ տարածքում, որտեղ անցկացվում էր միջոցառումը, ոստիկանական համազգեստով որեւէ մեկը չէր երեւում։

Միջոցառման մասնակիցները որոշեցին Մաշտոցի պողոտայով երթով քայլել դեպի Մարտիրոս Սարյանի արձան, որտեղ գրեթե ամեն օր հավաքվում են ընդդիմության ներկայացուցիչները։
Արդեն Մարտիրոս Սարյանի արձանի մոտ Կարեն Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Արմանին առաջարկներ են հնչում իշխանությունների կողմից: Առաջարկվում է, որ ինքը 5 րոպե հետո ազատ կարձակվի, սակայն մեկ պայմանով՝ որպեսզի ինքը ներման խնդրագիր գրի: Կոնկրետ այդ ամենը ինձ հաղորդել է հենց Արման Բաբաջանյանը»:

Ըստ Կարապետյանի, այս օրերին դատապարտյալների հիվանդանոցում գտնվող «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը հրաժարվել է ներման խնդրագիր գրել։

Ավելի ուշ հենց Արման Բաբաջանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հիվանդանոցի ղեկավարությունը առաջարկել է իրեն դիմում գրել, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը հնարավորություն ունենա միջնորդագիր ներկայացնել համապատասխան հանձնաժողովին, որ նրանք քննարկեն Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը։ Դիմումն ինքը գրել է, եւ եթե հարցը քննարկվի, ապա դա կարող է լինել օգոստոսի վերջին։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Արման Բաբաջանյանը սույն թվականի հունիսի 30-ին դիմում էր ներկայացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով չքննարկել իրեն պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցը հիմնարկի վարչական հանձնաժողովի կողմից: Այսօր՝ հուլիսի 27-ին, Արման Բաբաջանյանը մեկ այլ դիմումով հրաժարվել է իր նախորդ դիմումից եւ խնդրել է ընթացիկ ամսում լսել իրեն պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցը»:

Բաբաջանյանին ներման խնդրագիր գրելու առաջարկի մասին քրեակատարողական վարչության պետի մամուլի խոսնակն ասաց. - «Քրեակատարողական ծառայությունը նման տեղեկություն չունի»։

Պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պատժաժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG