Մատչելիության հղումներ

Ղրղըզական ընդդիմությունը ծրագրում է սկսել բողոքի ցույցեր

Ակնկալվում է, որ երկուշաբթի օրը Ղրղըզստանում կհրապարակվեն անցած հինգշաբթի տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն ձայների ավելի քան 80 տոկոսով հաղթանակ է տարել գործող առաջնորդ Կուրմանբեկ Բակիեւը։ Ընդդիմությունը, սակայն, պնդում է, թե ընտրությունները կեղծվել են, եւ պահանջում է չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները։

«Մեր նախընտական շտաբը հարցումներ` էքզիթ փոլեր է անցկացրել քվեարկությանը օրը, որոնց համաձայն գործող նախագահը ստացել է ձայների ընդամենը 25 տոկոսը», – պնդում է Կուրմանբեկ Բակիեւի հիմնական հակառակորդ, ընդդիմության թեկնածու Ալմազբեկ Աթամբաեւը։ Վերջինիս խոսքով, ընդդիմության անցկացրած հարցումների համաձայն, ինքը ստացել է ձայների ավելի քան 60 տոկոսը, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պնդում է, թե Աթամբաեւին վստահել է ընտրողների ընդամենը 8 տոկոսը։

«Այս ընտրությունները անհնար է արդար եւ թափանցիկ որակել, մենք չենք ճանաչում դրանք»,– հայտարարում է ընդդիմությունը եւ ծրագրում չորեքշաբթի օրվանից բողոքի ցույցեր սկսել` նոր ընտրություններ անցկացնելու պահանջով։

«Մենք ընտրությունների ժամանակ տեղ գտած կեղծիքների եւ խախտումների մասին վկայող բազմաթիվ փաստաթղթեր եւ տեսանյութեր ունենք», – հայտարարում է ընդդիմության առաջնորդը։

Առկա նյութերից մի քանիսը ընդդիմադիրները արդեն իսկ ներկայացրել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ապացույցների մյուս մասը խոստանում են հրապարակել չորեքշաբթի նախատեսված հանրահավաքի ժամանակ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոստանում է ուշադրությամբ ուսումնասիրել ընդդիմության ներկայացրած փաստերը, եւ, եթե դրանք համապատասխանեն իրականությանը՝ չեղյալ հայտարարել ընտրությունները այն տեղամասերում, որտեղ արձանագրվել են խախտումներ:

Ընտրություններում հաղթող ճանաչված Կուրմանբեկ Բակիւեը առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանում խախտումների ու կեղծիքների վերաբերյալ մեղադրանքները, որոնք, ի դեպ, հնչում են ոչ միայն ընդդիմության կողմից. քվեարկության ընթացքը քննադատել են նաեւ ԵԱՀԿ դիտորդները, իսկ Եվրամիությունը հայտարարել է, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին։
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG