Մատչելիության հղումներ

Փորձագետները գնահատում են պատերազմի վերսկսման հավանականությունը


Փորձագետները Հայաստանից եւ Ղարաբաղից տարբեր գնահատականներ են տալիս Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հավանականությանը:

Ստեփանակերտում գործող Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, ով մոտ 15 տարի պաշտոնավարել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունում, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, թե պատերազմի վերսկսման հնարավորությանը վերաբերող հարցին պատասխանելու համար առաջին հերթին պետք է հաշվի առնել հետեւյալ գործոնը` ինչքանով է պահպանված ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, մի կողմից` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, իսկ մյուս կողմից` Ադրբեջանի միջեւ:

«Այս պայմաններում հնարավոր չէ, որեւէ մի կողմ չունի առավել հնարավորություններ պատերազմ վերսկսելու եւ հաղթելու համար: Դրա համար պետք է պահպանել այդ բալանսը, եւ դա նպաստելու է, որ խաղաղությունը պահպանվի: Բայց մենք միշտ պետք է պատրաստ լինենք թե’ պատերազմին, թե’ խաղաղությանը», - ընդգծեց ղարաբաղցի փորձագետը:

Նույն կարծիքին է երեւանյան Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Իսկ թե ինչու է քիչ հավանական ռազմական գործողությունների վերսկսումը` փորձագետը այսպես փաստարկեց. - «Ադրբեջանը այն երկիրը չէ, որը պատասխանատվություն վերցնի պատերազմ սկսելու համար: Ադրբեջանը փորձում է տարբեր երկրներից իրավունք ստանալ այդ պատերազմի համար` չի ստանում: Ո’չ Հայաստանը, ո’չ Ադրբեջանը սեփական զենք, սեփական զինամթերք չունեն, նրանք պիտի ստանան իրավունք պատերազմի համար: Այդ իրավունքը ոչ ոք այս երկրներին չի տալիս»:

«Եթե հավանական չի դիտարկվում ռազմական գործողությունների վերսկսումը, ապա որտեղի՞ց այս ողջ աղմուկը եւ ամենագլխավորը` ի՞նչ նպատակ են հետապնդում նոր պատերազմի մասին խոսակցությունները», - այս հարցին Մանվել Սարգսյանը արձագանքեց. - «Մոսկվայում ինչ-որ բանակցություններ պիտի լինեին` որեւէ արդյունք չեղավ: Դրանից հետո բոլորը սկսեցին խոսել պատերազմի վերսկսվելու մասին: Կարծում եմ, սա ընդամենը շատ կոպիտ շանտաժ է ժողովրդի հանդեպ: Որովհետեւ եթե ինչ-որ ալիք է բարձրանում իշխանությունների դեմ, ինչ-որ պահանջներ են դրվում, այդ թվում` Ղարաբաղից պահանջներ դրվեցին: Պիտի այդ հարցերին պատասխան տրվեր` պատասխաններ չկան: Եվ հակառակը սկսվեց, ասենք, շանտաժ` կլինի պատերազմ: Սա նշանակում է, որ ճնշում է գործվում, մարդիկ ցանկություն չունեն պատասխաններ տալու, ընդամենը»:

Ըստ նրա, ճնշումները գործադրվում են «ե’ւ միջազգային հանրությունից, ասենք` Մինսկի խումբը եթե որեւէ հաջողությունների չի հասնում, եթե որեւէ արգումենտ չունի` ժողովրդին համոզելու ինչ-որ քայլի գնալ, անպայման փորձում է վախեցնել ժողովրդին, որ կլինի պատերազմ»:

«Բայց Հայաստանի իշխանությունները նույնպես սկսեցին շարունակել այդ գիծը: Սա շատ ցավալի մի բան է, նշանակում է, որ իշխանությունները նույնպես որեւէ պատասխան չունեն», - շեշտեց Մանվել Սարգսյանը:

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս Ռուբեն Հակոբյանը, մինչդեռ, հակառակ կարծիքին է եւ հավանական է համարում առաջիկայում նոր պատերազմը:

«Ես նույնպես այն կարծիքին եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի», - նշեց Ռուբեն Հակոբյանը` ներկայացնելով երկու փաստարկ. - «Առաջինը` որ իսկապես Ադրբեջանը բավականին լուրջ հզորացրեց իր ռազմական բյուջեն եւ լուրջ նախապատրաստական աշխատանքներ տարավ. այս վերջին մի քանի տարիների ընթացքում 10 անգամ աճեցրեց իր ռազմական բյուջեն: Եվ երկրորդ` ցավոք սրտի, միջազգային դիվանագիտական հարթության վրա այսօր Ադրբեջանը շատ ավելի շահավետ վիճակում է գտնվում, առավել եւս` եթե նկատի ունենանք, որ վերջին մեկ տարվա ընթացքում բավականին սերտ եւ դինամիկ զարգացումներ են տեղի ունենում ռուս - ադրբեջանական հարաբերություններում` փոխշահավետ»:

Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցության նպատակահարմարության հարցի հետ կապված` բոլոր երեք փորձագետներն էլ ասացին, թե հարկավոր է, որ այս պահից ի վեր պաշտոնական Ստեփանակերտը նույնպես մասնակցի բանակցություններին, քանի որ անիմաստ է բանակցություններ վարել, եթե այդ բանակցություններին չի մասնակցում հակամարտող կողմերից որեւէ մեկը:

Մասնավորապես, Ռուբեն Հակոբյանն ասաց. - «Ես միջազգային պրակտիկայում չեմ հիշում որեւէ դեպք, որ նման լուրջ հակամարտության դեպքում հակամարտության գլխավոր կողմերից մեկը մեկուսացված լինի բանակցություններից»:

Մասիս Մայիլյանը, սակայն, ընդգծեց. - «[ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու] Բրայզան կամ մյուսները խոսում են, որ ինչ-որ պահի Ղարաբաղը պիտի միանա այս գործընթացներին: Իրենք ի նկատի ունեն, որ այդ տեխնիկական մասը, իրականացման մասով Ղարաբաղը պետք է մասնակցի եւ պատասխանատվություն կիսի այն որոշումների համար, որին ինքը չի մասնակցել: Եվ նաեւ խոսելով Ղարաբաղի մասին` իրենք ի նկատի ունեն նաեւ այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», որը անընդունելի մոտեցում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG