Մատչելիության հղումներ

«Մադրիդյան սկզբունքները» ընդունելի են միայն որպես «բանակցությունների հիմք»


Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարծում, թե Ղարաբաղյան խնդիրը այսօր լուծման եզրին է: Նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները պարզապես նպատակահարմար համարեցին ավելի բաց քննարկումներ ծավալել:

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը Սահակյանը, անդրադառնալով վերջերս ընդհանուր գծերով հրապարակված «Մադրիդյան սկզբունքներին», ասաց, որ դրանք հայկական կողմի համար ընդունելի են միայն որպես բանակցությունների հիմք:

Նա ուշադրություն հրավիրեց այն «դրական բաղադրիչի վրա, որն առկա է հրապարակված փաստաթղթում». - «Առաջին անգամ, ոչ իրավական փաստաթուղթ որպես, արձանագրված է, որ, վերջ ի վերջո, Ղարաբաղյան խնդիրը միջազգային առումով կամ մտածողությամբ իր լուծումները կգտնի ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում»:

Դիտարկմանը, թե քաղաքական շատ գործիչներ նկատել են տալիս, որ այդ սկզբունքների արդեն հայտնի շարադրանքում բացակայում են «ազգերի ինքնորոշում» կամ «հանրաքվե» արտահայտությունները, Սահակյանը արձագանքեց. - «Խոսք չկա նաեւ տարածքային ամբողջականության մասին»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է վերաբերում արտգործնախարարի հրաժարականի՝ նախկին կոալիցիոն գործընկեր Դաշնակցության պահանջին, ՀՀԿ-ի ղեկավար անդամը պատասխանեց. - «Արտգործնախարարի հրաժարականի պահանջը, կարծում եմ, քաղաքական հնարք է՝ ավելի ընդգծելու իրողությունը: Բնական է, այդ մասով քաղաքական որեւէ հետեւանքներ չեն լինի»:

«Տարածքների վերադարձման հարց մենք այսօր չենք քննարկում», - վստահեցրեց Սահակյանը: Նման քննարկումներ, նրա խոսքով, կարող են լինել միայն գլխավոր հարցի համաձայնեցումից հետո. - «Առաջնայինը մեզ համար Ղարաբաղի կարգավիճակն է»:

«Եթե մենք սկսենք [խոսել] այն պրոցեսի մասին, որ ինչ ենք տալու, ինչ ենք վերցնելու, գլխավոր միտքը կաղավաղենք», - հայտարարեց նա՝ հավելելով. - «Պնդում ենք, որ Ղարաբաղը երբեւիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Հստակ կարծիք եմ ասում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG