Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյանը Ղարաբաղյան գործընթացը տապալված է համարում


Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը տապալված է համարում:

Նրա համոզմամբ` այն սկզբունքները, որոնք հրապարակվեցին եւ որոնց հիման վրա պետք է նախապատրաստվի վերջնական փաստաթուղթը, անընդունելի են թե’ Հայաստանի եւ թե’ Լեռնային Ղարաբաղի համար:

«Շատ վտանգավոր եմ համարում ստեղծված կացությունը, եւ այսօր առավել վտանգավոր է ոչ միայն այն, որ Լեռնային Ղարաբաղն էր դուրս մնացել բոլոր բանակցային գործընթացներից, այլ նաեւ հիմա Հայաստանի կարծիքը հաշվի չի առնվում, եւ ոնց որ պարտադրանքի միտումներ են նկատվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արզումանյանը:

Նախկին արտգործնախարարը ենթադրում է, որ եթե այսօր իշխանական շրջանակներում գովաբանում են «Մադրիդյան սկզբունքները», որոնք կողմերին առաջարկվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից, ապա պարզ է, թե ինչի շուրջ են մինչեւ այժմ ընթացել բանակցությունները. - «Ուղղակի եթե մինչեւ վերջերս հնարավոր էր ժողովրդին ինչ-որ լոզունգներով, հայտարարություններով խաբել, ապա այլեւս այդ սկզբունքների գաղտնազերծումից հետո ակնհայտ է, թե ինչ ուղղությամբ են գնացել բանակցությունները»:

Ըստ Ալեքսանդր Արզումանյանի` իրավիճակը փոխելու ճանապարհը նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է, որի պահանջով հանդես է եկել Հայ ազգային կոնգրեսը:

«Եվ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է հստակ իրենց դիրքորոշումը արտահայտեն եւ հայտարարեն, որ այլեւս իրենք են բանակցող կողմը լինելու, որովհետեւ չի կարելի բանակցել այդ ժողովրդի ապագայի մասին առանց այդ ժողովրդի մասնակցությունը ապահովելու», - ասաց նախկին արտգործնախարարը:

Հայ - ադրբեջանական բանակցությունների գործընթացին զուգահեռ` պնդումներ են հնչում ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականության մասին: Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով` բանակցությունների ընթացքն է հնարավոր դարձրել այդ տարբերակը:

«Պատահական չեն այն ռազմատենչ հայտարարությունները, որ հնչում են Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը հզորացնում է իր բանակը եւ արդեն իսկ փորձում է միջազգային հանրությանը նախապատրաստել այն մտքին, որ եթե համաձայնության չգան այս տարբերակով, որը ընդունելի է իրենց համար, ապա Ադրբեջանին այլ ելք` բացի հարցի ռազմական լուծումից, չի մնա: Երբ արդեն գալիս է որեւէ որոշում պարտադրելու ժամանակը, այդ պարտադրումից խուսափող կողմը պետք է գիտակցի, որ դա հղի է նաեւ ռազմական գործողությունների վերսկսմամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց ընդդիմադիր գործիչը:

Ուրբաթ օրը կայացած ասուլիսի ժամանակ համեմատական վերլուծություն անցկացնելով 1997 թվականին բանակցությունների սեղանին դրված առաջարկությունների փաթեթի եւ ներկայումս քննարկվող «Մադրիդյան սկզբունքների» միջեւ` Ալեքսանդր Արզումանյանը կանգ առավ մի շարք կետերի վրա: Մասնավորապես, ըստ նրա, մինչեւ «Մադրիդյան սկզբունքները» մշտապես խոսք է գնացել Լեռնային Ղարաբաղի զորքերի դուրս քաշման մասին, «ինչը ենթադրում է լրացուցիչ այլ համաձայնագրեր. դուրս քաշելուց հետո այդ տարածքում ի՞նչ ռեժիմ է գործելու, ո՞վ է զորքեր մտցնելու եւ այլն»: «Այսօր ձեւակերպման մեջ սկզբունքի ձեւակերպումն է արդեն անընդունելի. խոսք է գնում ոչ թե զորքերի դուրս քաշման, այլ Ադրբեջանի վերահսկողությանը տարածքների վերադարձի մասին», - ընդգծեց Հայաստանի նախկին արտգործնախարարը:

Ալեքսանդր Արզումանյանը նաեւ վտանգավոր համարեց «Մադրիդյան սկզբունքների» մեջ առկա այն ձեւակերպումը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղին տրվելու է միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի նրան: Նախկին արտգործնախարարի խոսքերով` «ինքնակառավարում» ձեւակերպումը շատ մտահոգիչ է, «քանզի եթե մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման մասին, ապա այսօր ընտրվել է այդ ինքնորոշման դրսեւորումներից ամենանվազագույնը` ինքնակառավարումը»:

Արզումանյանը մտահոգություն հնչեցրեց նաեւ հրապարակված սկզբունքներում իրավական կամարտահայտությանը վերաբերող հատվածին՝ այն բնորոշելով որպես «բավականին հեղհեղուկ եւ վտանգավոր» ձեւակերպում: Նրա խոսքով՝ կա միջազգայնորեն ընդունված «ռեֆերենդում» եզրը: Ռեֆերենդումն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո, եւ դրա արդյունքները պարտադիր են կողմերի համար:

«Ուրեմն, եթե դու օգտագործում ես մեղմասացություն եւ ռեֆերենդումի փոխարեն կիրառում ես ինչ-որ անհասկանալի, իրավականորեն անընկալելի մի արտահայտություն, դա նշանակում է, որ ռեֆերենդումի վերաբերյալ որեւէ համաձայնություն դեռեւս չկա, եւ համապատասխան այն բանին, թե ինչ ընթացք կունենան բանակցությունները, այդ եզրույթը կփոխարինվի մեկ այլ՝ կողմերի համար կամ Ադրբեջանի համար ընդունելի ձեւակերպմամբ»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց, որ Ղարաբաղյան խնդրի շուրջ Կոնգրեսում ընթանում են քննարկումներ, սակայն դեռեւս ընդհանրական որոշումներ կայացված չեն` կոնկրետ քայլերի հաջորդականության եւ այդ քայլերի իրականացման ժամանակացույցի վերաբերյալ: Ամեն դեպքում, ըստ նրա, Կոնգրեսն իր տրամադրության ներքո ունի գործողությունների մի ծրագիր, բայց դեռ որոշում չկա, թե այդ գործողությունները ինչ հերթականությամբ եւ ինչ ժամանակահատվածում կիրականացվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG