Մատչելիության հղումներ

«Ո՞վ է իրականում Ռուսաստանի ղեկավարը»


Christian Science Monitor հեղինակավոր օրաթերթն անդրադարձել է Ռուսաստանի մայրաքաղաքում շաբաթներ առաջ տեղի ունեցած որքան ծիծաղաշարժ, նույնքան էլ խորհրդանշական վրիպակին` այցելելով Մոսկվա, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինին «նախագահ» էր անվանել: Ավելի ուշ Օբաման արդարացել է, թե «Ռուսաստանի ներկայիս վարչապետ Պուտինը երկար ժամանակ այդ երկրի գլխավոր պաշտոնն է զբաղեցրել»:

Այդպես էր մինչեւ անցյալ տարվա մարտ, երբ Պուտինը նախագահության ճանապարհ բացեց վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի համար:

«Եթե նույնիսկ համաշխարհային լիդերներն են շփոթվում, ապա ի՞նչ ասել շարքային մարդկանց մասին», - նկատում է Christian Science Monitor-ի մեկնաբան Ֆրեդ Ուեյրը եւ հարց տալիս. - «Ո՞վ է իրականում Ռուսաստանի ղեկավարը»:

Որոշ փորձագետներ կարծում են, թե Կրեմլը հնարամիտ ներկայացում է բեմադրել` «լավ ոստիկան - վատ ոստիկան». առաջինի դերում ներկայիս նախագահն է, երկրորդի դերում` վարչապետը:

Բայց կան նաեւ փորձագետներ, ովքեր պնդում են, որ շնորհալի իրավաբան ու Led Zeppelin-ի երաժշտության երկրպագու Մեդվեդեւը աստիճանաբար դուրս է գալիս իր նախորդի հսկողությունից եւ մարտահրավեր է նետում պուտինյան շրջանի կոշտ ու կոպիտ մեթոդներին:

Գարնանը «Լեւադա» սոցիոլոգիական կենտրոնը հարցում է անցկացրել, պարզվել է, որ ռուսաստանցիների միայն 19 տոկոսն է կարծում, որ նախագահը անկախ քաղաքականություն է վարում, իսկ 68 տոկոսի համոզմամբ` Մեդվեդեւը գտնվում է Պուտինի եւ նրա շրջապատի հսկողության տակ:

«Մեդվեդեւը ո’չ թիմ ունի, ո’չ էլ ռեսուրսներ: Կարեւոր պաշտոնների 85 տոկոսը Պուտինի մարդիկ են գրավել, Մեդվեդեւն առանց բանակի գեներալ է, նա կարող է նախագահել Անվտանգության խորհրդում, բայց իրականում ուժայինների ղեկավարը Պուտինն է», - ասել է վերլուծաբան Օլգա Կրիշտանովսկայան:

Կա նաեւ այլ տեսակետ: «Պուտինը ենթադրում է, որ դեռ ինքն է երկրի թիվ մեկ պաշտոնյան, բայց բանն այն է, որ Մեդվեդեւն էլ է սկսում այդպես մտածել, Պուտինը դա արդեն զգում է եւ նյարդայնանում», - ասել է Mercator Group վերլուծական կենտրոնի ղեկավար Դմիտրի Օրեշկինը:

Կրեմլին մոտ կանգնած մարդիկ գերադասում են կանխատեսումներ չանել: «Ճշմարտությունը կպարզվի միայն 2012 թվականին, ամեն բան հասկանալի կդառնա, երբ կիմանանք, թե ով է առաջադրվել նախագահի թեկնածու», - ասել է Ռուսաստանի նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Պուշկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG