Մատչելիության հղումներ

Հուլիսի 24-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ասում է. - «Դաշնակցության գործունեությունն ամբողջապես ու համակողմանիորեն ներկայացնող պլատֆորմի անհրաժեշտությունն առաջացավ բնականորեն, երբ դուրս եկանք կոալիցիայից։ Քաղաքական դաշտում մեր անելիքն ու քայլերը հստակորեն մատնանշելու անհրաժեշտությունն ակնհայտ է եւ օրակարգում եղել է հենց այն պահից, երբ հայտարարեցինք ընդդիմադիր դիրքերից գործելու մասին։ Այս ընթացքը մի փոքր երկարաձգվեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու պատճառով։ Սակայն հենց ընտրությունները բացահայտեցին, որ մեր ժողովուրդը չունի ամբողջական ըմբռնում, թե Դաշնակցությունը այսուհետ որ խնդիրներն է կարեւորելու, ինչպիսի լուծումներ է հետապնդելու եւ որ սկզբունքներն են լինելու կատարվելիք քայլերի հիմքում»։

«Իրավունքը de facto» թերթին հարցազրույց է տվել ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Լրագրողը հարցնում է. - «ՀՅԴ-ն հանդես եկավ Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջով։ Սկզբում հայտարարվեց, որ նույնիսկ ցույց կլինի, հետո ցույցը հետաձգվեց, եւ Ձեր պահվածքը քաղաքական դաշտում գնահատվեց բավական տարօրինակ»։ Մանոյանը պատասխանում է. - «Ցույցը հետաձգելու միակ պատճառը Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի աղետն էր, հայտարարված էր սուգ ողջ երկրում, եւ մենք նպատակահարմար չգտանք այդ ողբերգության ֆոնի վրա այդպիսի քաղաքական միջոցառում իրականացնել։ Սակայն այդ օրը մամուլի ասուլիսով մենք հրապարակեցինք արտգործնախարարի հրաժարականի վերաբերյալ մեր պահանջը»։ Հարց. - «Այժմ փոփոխություն է նկատվում նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շեշտադրումներում։ Միգուցե ՀՅԴ-ն օրակարգից հանի՞ հրաժարականի պահանջը»։ Պատասխան. - «Մենք Հայաստանի իշխանություններին չենք ասում, թե դուք մադրիդյան փաստաթղթին կողմ եք։ Առաջարկում ենք նախագահին` չտալ իր համաձայնությունը կարգավորման այդպիսի տարբերակի։ Եթե նախագահը դրան արդեն համաձայնած լիներ, խնդիրն այլ տեսանկյունից կդրվեր։ Այս կացության պատասխանատուն մենք համարում ենք Հայաստանի գլխավոր դիվանագետին և պահանջում նրա հրաժարականը։ Հասկանալի է, որ արտաքին քաղաքականությունը վարում է հանրապետության նախագահը, բայց արտգործնախարարին փոխելու խնդիրն էլ նրա իրավասության շրջանակում է, եւ եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ տեղի է ունենում քաղաքականության փոփոխություն»։

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Եղե՞լ է երբեւէ պատմության մեջ, որ արյամբ նվաճած հողերը կամովին հանձնվեն հակառակորդին: Այս հարցը Հայաստանում հաճախ են տալիս այսօր՝ Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ակտիվացման հետ կապված: Անցած տարի 90-ականների սկզբին այդպիսի բան տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ. միլիոնավոր մարդկանց, այդ թվում նաեւ՝ մեր հայրենակիցների արյան գնով նվաճած Եվրոպայի համարյա կեսը Խորհրդային Միությունը առանց մի կրակոցի հանձնեց «սառը պատերազմում» իր հակառակորդին... Մի հարցում, զուգահեռը, այնուամենայնիվ, տեղին է. ԽՍՀՄ-ի հետ պատահած դեպքը մեզ հիշեցնում, եթե ուզում եք՝ նույնիսկ նախազգուշացնում է, որ հողերը կամովին տալիս են միայն թուլացող, փլուզվող պետությունները: Երկիրը «քանդվում է» այն ժամանակ, երբ քաղաքացիները չեն վստահում, ատում են, արհամարհում են պետությունը եւ նրա ինստիտուտները: Իսկ «քանդվելու» պարագայում տարածքային կորուստները գրեթե անխուսափելի են: Երբ այսօր փողոցում հարցնում ես պատերազմի հավանականության մասին, պատասխանողներ մեծ մասը երկրորդ իսկ նախադասությունից «շեղվում է թեմայից» եւ սկսում է խոսել իր սոցիալական վիճակի, տիրող անարդարության մասին: Իսկ պատերազմի վերաբերյալ ասում են, որ դրանից հարուստները, իշխանավորները չեն տուժի, նորից հասարակ ժողովուրդն է տուժելու»:

«Հայք»-ը զրուցել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները ցանկություն չունեն հայտնաբերել մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին եւ իրականացնողներին»: Պատասխան. - «Իշխանությունները չե՞ն ցանկանում: Իսկ ընդդիմությունը ցանկանո՞ւմ է, ցուցարարները ցանկանո՞ւմ են»: «Այո», - ասում է լրագրողը, - «եւ դրա համար էլ ընդդիմությունը պայքարում է»: Նիկոյանը շարունակում է. - «Այո: Դրա համար հանձնաժողովը մեկ տարի շարունակ հրապարակավ հայտարարել է, խնդրել է, որ ընդդիմության ներկայացուցիչները, ցուցարարները իրենց ձեռքի տակ եղած փաստերով օգնեն: Այդ գործողությունները անապատում չեն կատարվել: Ես խնդրել եմ, որ նրանք գան ու հանձնաժողովին տան տեղեկություններ, փաստեր: Ցավոք սրտի, որեւիցե մեկը չի արել դա»: Հարց. - «Այսինքն, մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին եւ իրականացնողներին բացահայտելու համար ձեզ փաստե՞րն են պակասում»: Պատասխան. - «Այո: Դուք ասում եք իշխանությունները: Ես էլ ասում եմ , բա ընդդիմությունը: Չեմ ցանկանում հակաճառել ձեզ, որ ճիշտ հասկացվեմ: Բայց ընդդիմությունը, ցուցարարները ուզո՞ւմ են: Ես խիստ կասկածներ ունեմ, որ ուզում են: Եթե ցանկանում են, թող կոնկրետ, գործնական քայլեր անեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG