Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պահանջում է վերջ տալ «քաղաքական վենդետային»


«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում իշխանություններից պահանջում է վերջ տալ «քաղաքական վենդետային»:

«Հուլիսի 1-ին ընդհատակից իրավապահ մարմիններին կամավոր ներկայացած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին կալանքի վերցնելով` իշխանությունները վերստին փաստեցին, որ երկրի ու հասարակության կառավարման գործում առաջնորդվում են իրենց բնորոշ նեղմտությամբ ու անձնական վրեժխնդրությամբ` անգամ մոռանալով անլիարժեք համաներման «մարդասիրական» բնույթի վերաբերյալ իրենց բարձրագոչ հայտարարությունները», - ասված է, մասնավորապես, «Ժառանգության» հայտարարությունում: - «Նիկոլ Փաշինյանի գործը նրա ազատության պայմաններում քննելու ու այդ ընթացքում նաեւ որպես երաշխավոր հանդես գալու վերաբերյալ Հայաստանի լրագրողական դաշտի ու մտավորականների միասնական հայտարարությունը շրջահայաց ու լայնախոհ իշխանությունը կդիտարկեր որպես քայլ` քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության մոտ կորսված վստահությունը վերականգնելու ուղղությամբ: Ցավոք, իշխանությունն այս անգամ էլ չանսաց լրագրողական հանրության արդար եւ հիմնավոր կոչին»:

Ընդդիմադիր կուսակցությունը հավաստիացնում է, որ «շարունակելու է Նիկոլ Փաշինյանին, ինչպեսեւ մյուս քաղբանտարկյալներին կալանքի տակ պահելը համարել իբրեւ երկրի ներսում իշխող խմբավորման կողմից իրականացվող քաղաքական վենդետայի շարունակություն եւ ԵԽԽՎ-ի բանաձեւերի պահանջներն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունները չկատարելու փաստ»:

«Նմանապես [«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր] Արման Բաբաջանյանի` օրեցօր ծանրացող առողջական վիճակի նկատմամբ իշխանությունների հանցավոր անտարբերությունը առանձնակի դաժան վերաբերմունքի արտահայտություն է: «Ժառանգություն»-ը նաեւ իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ իշխանությունն իրեն հլու հնազանդ ծառայող «արդարադատական» ու իրավապահ համակարգի միջոցով կարող է կալանքի վերցնել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, եթե վերջինս որոշի դուրս գալ ընդհատակից, այն դեպքում, երբ պարոն Սուքիասյանին ազատությունից զրկելու իրավական որեւէ հիմք չկա», - ասված է հայտարարությունում:

«Մեր խորին համոզմամբ` Արցախի (հետեւաբար նաեւ Հայաստանի) առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները օրախնդիր են դարձրել հասարակություն - քաղաքական ուժեր - պետություն եռամիասնության ապահովումը, ինչին գործող իշխանությունը նույնպես պարտավոր է նպաստել իր օրինական ու մարդասիրական քայլերով, մասնավորապես` ընդառաջ գնալ երկրի լրագրողական հանրության հայտնի կոչին, ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում` առողջական լուրջ խնդիրներ ունեցող Արման Բաբաջանյանին, ընդհատակից դուրս գալու դեպքում հանիրավի ազատությունից չզրկել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին», - հայտարարում է «Ժառանգություն»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG