Մատչելիության հղումներ

Բեռնար Ֆասիե. «Պատերազմի հավանականությունը պահպանվում է»


Մինչ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորումը առաջընթաց է արձանագրում, եռանախագահներից մեկը զգուշացնում է` «սառեցված» հակամարտությունը կարող է վերսկսվել, եթե խնդրի շուրջ վերջնական համաձայնություն ի հայտ չգա: Այդ մասին թուրքական «Զաման» թերթի հետ զրույցում ասել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

«Տարեցտարի Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ավելի է դժվարանում», - ասել է ֆրանսիացի միջնորդն ու հավելել. - «Ես մեծ հույսեր եմ տածում, որ պատերազմը չի վերսկսվի: Մինչդեռ անցած տարի կողմերի միջեւ տեղի ունեցած բախումները եւ դրանց արդյունքում արձանագրված 30 զոհերը ցույց են տալիս, որ պատերազմի հավանականությունը դեռեւս պահպանվում է»:

Ֆասիեն նաեւ հիշատակել է անցած տարվա մարտին կողմերի միջեւ տեղի ունեցած ինտենսիվ բախումները` հրազենի եւ ականանետների օգտագործմամբ, պնդելով, թե այդ ժամանակ երկու երկրները պատերազմի շեմին էին: «Փառք Աստծո, մենք կարողացանք կանգնեցնել բռնությունների թեժացումը, հակառակ դեպքում նոր պատերազմ կարող էր սկսվել», - ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը:

Անդրադառնալով միջնորդական խմբի ջանքերին` դիվանագետը նշել է, որ իրենց նախնական նպատակն է մերձեցնել կողմերի դիրքորոշումները. - «Դրանից հետո արդեն կկայացվի վերջնական որոշումը` Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»:

Ընդգծելով, որ հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական ջանքերը շարունակվում են արդեն 15 տարի, ֆրանսիացի համանախագահը կարծիք է հայտնել, թե կարգավորումը հետաձգվում է հիմնականում երկու խնդրի պատճառով. առաջինը ադրբեջանցիների եւ հայերի միջեւ անբարյացկամ վերաբերմունքն է, երկրորդը` այն փաստը, որ այս հակամարտությունը երկու երկրներում էլ քաղաքական գործիչները օգտագործում են որպես գործիք ներքին խնդիրները լուծելու համար:

«Ես համոզված եմ, որ այս հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ, եթե կողմերը առավել քիչ ծառայեցնեին այն ներքին քաղաքական խնդիրներին եւ առավել շատ քաղաքական խիզախություն ցուցաբերեին», - «Զաման»-ին ասել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը:

Ֆասիեն բացառել է բանակցային գործընթացին Թուրքիայի մասնակցության հնարավորությունը` նշելով, թե իրականում Թուրքիան այս հակամարտության կողմ է հանդիսանում:

Միաժամանակ, նա վերահաստատել է, որ հայ - ադրբեջանական հակամարտությունը եւ հայ - թուրքական հաշտեցման գործընթացը պետք է իրարից զատ դիտարկել. - «Դրանք երկու տարբեր գործընթացներ են մեկ տարածաշրջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG