Մատչելիության հղումներ

Ալի Խամենեին Մահմուդ Ահմադինեջադին ստիպել է վերանայել փոխնախագահի նշանակումը


Իրան -- Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին
Իրան -- Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հունիսյան վիճահարույց ընտրությունների պաշտոնական արդյունքներով նախագահ ընտրված Մահմուդ Ահմադինեջադից պահանջել է փոխնախագահի պաշտոնում չնշանակել Էսֆանդիար Ռահիմ Մաշաիին:

Վերլուծաբանների համոզմամբ, այսպիսով Իրանի գերագույն ղեկավարը նվաստացրել է Ահմադինեջադին: Բանն այն է, որ թեպետ բոլոր առանցքային նշանակումները Իրանում հաստատում է գերագույն հոգեւոր ղեկավարը, այնուամենայնիվ, նա շատ հազվադեպ է միջամտում նախագահի առաջարկած նշանակումներին: Մերժելով նախագահի ընտրությունը, Խամենեին նրան «տեղն է դնում»` հրապարակավ հիշեցնելով, թե ով է երկրում գլխավորը:

Բացի այդ, այս հարցում կա նաեւ անձնական-ընտանեկան հանգամանք. նախագահը եւ առաջին փոխնախագահը խնամիներ են՝ Ահմադինեջադի որդին ամուսնացած է Մաշաիի դստեր հետ, թեեւ վերլուծաբանները չեն կարծում, որ հենց դա էր կարդային առաջարկը մերժելու պատճառը:

Ինչպես «Ասոշեյթեդ պրեսն» է հաղորդում, Մաշաին անցյալ տարի արել է մի անզգույշ հայտարարություն, որը եւ հարուցել է գերագույն առաջնորդի զայրույթը: Նա ասել է, թե «իրանցիներն աշխարհի բոլոր ժողովուրդների, նույնիսկ իսրայելցիների բարեկամներն են»:

Այդ՝ առաջին հայացքից, անմեղ մեկնաբանությունը, որի նպատակն էր Իրանն աշխարհին ներկայացնել որպես հանդուրժողական եւ խաղաղասեր երկիր, կոշտ դիրքորոշման այաթոլաների համար աստվածանարգության աստիճանի վիրավորանք էր:

Դրանով Մաշաիի «մահացու մեղքերի» ցանկը չի սպառվում՝ Իրանում նրան քննադատել են նաեւ 2007 թվականին այն բանի համար, որ նա Թուրքիայում ներկա է եղել մի համերգի, որի ընթացքում... ժողովրդական պար են կատարել կին-պարուհիները (իսլամի պահպանողական ուղղությունը կանանց արգելում է պարել):

Իրանական մամուլում վերջին օրերին բազում հրապարակումներ են եղել Մաշաիի վիճահարույց առաջադրման թեմայով: Երեկ նրա օգնականը՝ Ալի Աքբար Ջավաֆեքրն ասել է, թե «նախագահը որոշումներ է կայացնում, հարցը մանրամասն քննարկելուց հետո եւ դժվար թե կարծիք փոխի ինչ-ինչ ասեկոսեների ազդեցության տակ»:

Մինչդեռ, խորհրդարանի փոխխոսնակ Մոհամադ Հասան Աբութորաբի-Ֆարդն ասել է, թե «իշխող համակարգն արդեն կայացրել է Մաշաիին առաջին փոխնախագահի պաշտոնից ազատելու որոշումը, ուստի, նախագահ Ահմադինեջադը պարտավոր է առանց ձգձգելու հայտնել այդ մասին»:

«Պարոն Մաշաին գերագույն առաջնորդի հավատարիմ աջակիցն է, Իրանի նվիրյալ զավակ, ինչո՞ւ նա պետք է հրաժարական տա»,- նախօրեին ասել է Ահմադինեջադը: Այս պահին հայտնի չե, թե ինչպիսի՞ն կլինի նրա արձագանքն այն բանից հետո, երբ ինքը` գերագույն առաջնորդն է պահանջել պաշտոնից ազատել առաջին փոխնախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG