Մատչելիության հղումներ

Հուլիսի 22-ի մամուլ


«Հրապարակ»-ը, անդրադառնալով երեկ Երեւանում շրջանառվող տարաբնույթ ասեկոսեներին, գրում է. - «Երբ պրկված են մարդկանց նյարդերը, երբ քաղաքական իրավիճակը լարված է, եւ ինչ-որ տագնապ կա մթնոլորտում, տարբեր ասեկոսեները, կեղծ տեղեկատվությունն ու «ուտկաներն» անպակաս են: Հայաստանը նման լուրերի համար պարարտ հող է, բամբասանքի համար այստեղ հատուկ միջավայր կա. մի փոքրիկ շշուկը, կասկածը, գուցե միտումնավոր տարածված կեղծ տեղեկատվությունը արագ պտտվում է, ձնագնդի նման մեծանում եւ վերադառնում ելման դրություն»:

«Առավոտ»-ի խմբագիրը հարցադրում է անում. - «Ի՞նչ է, օրինակ, նշանակում՝ «մենք կառուցողական ընդդիմություն ենք եւ այդ պատճառով պահանջում ենք ոչ թե նախագահի, այլ արտգործնախարարի հրաժարականը... Եթե գաղտնազերծենք այս փոքր-ինչ անհասկանալի բանաձեւի «կոդը», ապա այն կարելի է շարադրել հետեւյալ կերպ. «Մենք, սիրելի իշխանություններ, ուղնուծուծով ձերն ենք եւ ցանկանում ենք պահպանել չինովնիկական կոռումպացված համակարգի միջին օղակում մեր տեղերը, մեր խոշոր եւ միջին բիզնեսները, ինչպես նաեւ՝ փողերի անօրինական հոսքերը արտասահմանից, բայց թույլ տվեք մեզ որոշ «ազգային հարցերում» ընդդիմություն խաղալ, որ մարդիկ մեզանից վերջնականապես չհիասթափվեն»: Կամ՝ երբ ասվում է՝ «Մադրիդյան սկզբունքները ենթադրում են, որ Ղարաբաղը չի հայտնվի Ադրբեջանի ենթակայության տակ», ապա իրականությանը ակնհայտորեն հակասող այս պնդումը նշանակում է. «Սիրելի Արեւմուտք եւ Ռուսաստան, մենք, իհարկե, ոչ մի ցանկություն չունենք ձեր պնդած սկզբունքների տակ ստորագրելու, բայց, եթե շատ խեղդեք, ինչ արած՝ ստիպված ենք լինելու: Սակայն եթե ինչ-որ մի տարբերակ կա այս հարցը եւս մի քանի տարով հետաձգելու, մենք շատ գոհ ու շնորհակալ կլինենք»:

«Հայք»-ը գրում է. - «Պարզվում է Սերժ Սարգսյանին այսօր մտահոգում է ոստիկանության համակարգի ծառայողների պատրաստման եւ վերապատրաստման խնդիրները: Թողնելով ավելի կարեւոր գործերը, երեկ նա ոստիկանապետի պաշտոնում հայտնված Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոն եւ ոստիկանության ակադեմիա»: «Ամենամիամիտները, ամենայն հավանականությամբ, կկարծեն, թե Սերժ Սարգսյանը ոստիկաններին հավաքել է իրար գլխի եւ ասել, որ չի կարելի բռնություն կիրառել թռուցիկ բաժանող երիտասարդների վրա, որ չի կարելի դաժան ծեծի ենթարկել ձերբակալվածներին, որ անընդունելի է պետավտոտեսուչների պայքարը, որ չի կարելի «շմոն» անել պատանիներին եւ երիտասարդներին, որ ոստիկանին հարիր չէ հայհոյել բողոքի գործողության մասնակից կանանց», - գրում է թերթը եւ հավելում. - «Կարեւորն այն է, որ Սերժ Սարգսյանն այս այցով հայ ժողովրդին հասկացրեց, որ ոստիկանությունում որեւէ բարեփոխում անցկացնելու մտադրություն չունի, եւ որ մտադիր չէ պատժել այն ոստիկաններին, որոնք ամենակոպիտ ձեւերով խախտում են մարդու ամենատարրական իրավունքները»:

«Հրապարակ» թերթը հետեւյալ հարցն է ուղղել նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին. - «Առանձին վերլուծաբաններ չեմ բացառում ոչ միայն, որ մինչեւ տարեվերջ փաստաթուղթ կստորագրվի, այլեւ՝ որ ինչ-որ բան, հնարավոր է, ստորագրել է: Ասենք, օրինակ, կից արձանագրություն, ինչը միայն ժամանակի ընթացքում է գաղտնազերծվում: Դիվանագիտության մեջ նման բաներ հնարավո՞ր են»: Պատասխան. - «Նման բաներ պատմության մեջ շատ կան, ամենացայտունը «Ռիբենտրոպ-Մոլոտով» գաղտնի պակտն է: Սակայն այսօրվա աշխարհում անհնար է, որ նման բաներ լինեն, այսօրվա իրողություններն անհնարին են դարձնում նման որեւէ գաղտնի փաստաթղթի առկայությունը: Ես բացառում եմ, որ ինչ-որ գաղտնի բան է ստորագրված, բայց հասկանում եմ շատերի մտահոգությունը, որ այս փուլում արդեն իսկ համաձայնեցված են ապագա փաստաթղթի բոլոր հարցերը»:

«Կապիտալ»-ում հրապարակում կա Հայաստանի ֆիքսված հեռախոսակապի շուկայի մասին. - «Ֆիքսված հեռախոսակապի շուկան ազատականացվեց 2007թ. հոկտեմբերին, երբ «ԱրմենՏելը» հրաժարվեց մենաշնորհից, այն շարունակում է մնալ գերկենտրոնացված: Ֆիքսված հեռախոսակապի շուկայում գործունեություն ծավալելու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) արդեն արտոնագրեր է հատկացրել ավելի քան տասը ընկերության, սակայն նրանցից ոչ մեկն առայժմ չի շտապում գործունեություն ծավալել։ Նրանց պասիվությունը պայմանավորված է առկա մի շարք խնդիրներով։ Եթե ընկերությունները սեփական ցանցերի հարցում կարծես խնդիրներ չունեն և ֆիքսված հեռախոսակապ կարող են ապահովել ոչ միայն լարային, այլև անլար եղանակով, մասնավորապես՝ WiMAX տեխնոլոգիայի միջոցով, ապա «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսացանցի փոխկապակցման խնդրում առկա են լուրջ բարդություններ»։

«Ազգ»-ը անդրադարձել է խաղատնային բիզնեսին` բխեցնելով. - «Այն, որ այսօր այդ խաղատները գայթակղում են երիտասարդներին, դրսից հայտնի երգիչ-երգչուհիներ բերելով, որոնք միայն իրենց խաղատներում են համերգային երեկոներ կազմակերպում, դարձել է շատ մտահոգիչ: Խմբագրությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում հատկապես խաղամոլությամբ տառապող երիտասարդների կանանցից, մայրերից, որոնք ակնկալում են այս խնդրի շուրջն աղմուկ բարձրացնել, որն էլ գուցե ինչ-որ չափով կարգելի ու կկանխի նման գայթակղիչ, գայթախեղիչ երեւույթները: Սակայն չենք կարծում, որ խաղատներից ահռելի գումարներ ստացող տերերին հուզում է մեր երկրի երիտասարդների վիճակը, եւ օրեցօր գերշահույթ ստանալու համար նրանք դիմում են ամեն տեսակ գործունեության: Իսկ թե ի՞նչ անդրադարձ կունենա այդ խաղատների տերերի վրա կառավարության նոր որոշումը, որում նշված է, որ 2013-ի հունվարի 1-ից խաղատներ կգործեն միայն Ջերմուկ, Ծաղկաձոր եւ Սեւան քաղաքներում, պարզ կլինի հետո: Իսկ այժմ դրանք գործում են քաղաքի ծայրամասերում, հաճախ բնակավայրերին շատ մոտ, որը կրկին օրենքի կոպիտ խախտում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG