Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Կիեւին եւ Թբիլիսիին


ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինա կատարած այցի ժամանակ վստահեցրել է, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ջերմացումը չի անդրադառնալու Կիեւի եւ Թբիլիսիի հետ Վաշինգտոնի հարաբերությունների վրա:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոյի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Բայդենը, մասնավորապես, ասել է. - «Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք բարելավել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն հավատացնում եմ ձեզ, որ դա չի լինելու Ուկրաինայի հաշվին: Ընդհակառակը, կարծում եմ, որ դա նույնիսկ շահեկան կլինի Ուկրաինայի համար»:

Երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` Ռուսաստան կատարած այցը, որով Վաշինգտոնը փաստեց օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվայի սրված հարաբերությունները բարելավելու պատրաստակամությունը, որոշակի մտահոգություններ էր առաջ բերել Ուկրաինայում եւ Վրաստանում:

Ուկրաինական այցի ընթացքում Բայդենը նաեւ անդրադարձել է Հյուսիս-ատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամագրվելու` Կիեւի եւ Թբիլիսիի ջանքերին. - «Եթե դուք ցանկանում եք ինտեգրվել եվրա-ատլանտյան դաշինքին, ինչը, կարծում եմ, դուք արդեն որոշել եք, մենք ամենայն պատրաստակամությամբ կաջակցենք դրան: Մենք չենք ճանաչում ազդեցության գոտիներ հասկացությունը` եւ ես ուզում եմ կրկնել դա: Մենք գտնում ենք, որ ոչ ոք իրավունք չունի ձեզ, կամ որեւէ այլ երկրի թելադրել, թե ինչ դաշինքի միանա, կամ ինչպիսի երկկողմանի հարաբերություն կառուցի»:

Իր հերթին Ուկրաինայի նախագահը վերահաստատել է ՆԱՏՕ-ին անդամագրվելու` իր երկրի ձգտումը:

Վաղը Ջո Բայդենը Ուկրաինայից մեկնելու է Վրաստան: Սպասվում է, որ այստեղ նա նույնպես հաստատելու է ԱՄՆ-ի աջակցությունը Թբիլիսիին: Այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Բրայան Ուիթմորը հայտնում է, թե Բայդենը, հնարավոր է, Վրաստանու ակնարկի, որ ԱՄՆ-ի դաշնակից լինելը որոշակի պայմաններ է ենթադրում, Վրաստանում դրանք ժողովրդավարական բարեփոխումներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG