Մատչելիության հղումներ

Մամուլի ազգային ակումբը կոչ է անում ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին


Մամուլի ազգային ակումբը երեքշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել` Հայաստանի իշխանություններին կոչ անելով ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունը տարակուսանք է հայտնում Փաշինյանի կալանավորման կապակցությամբ՝ «համաներումը որպես բարի կամքի եւ մարդասիրության դրսեւորման իշխանությունների հայտարարությունների համատեքստում», եւ իր հայտարարությունում մատնանշում է «մարտի 1- ի դատաիրավական գործընթացների հանդեպ հասարակության անվստահությունը, հասարակական անհամաձայնության մեղմացման եւ մարտի 1-ի հետեւանքները հաղթահարելու անհրաժեշտությունը, մարդու իրավունքների ապահովման գործում իշխանությունների պարտավորությունները եւ Նիկոլ Փաշինյանի դերը հայաստանյան նորագույն շրջանի մամուլի կայացման գործում»:

Նիկոլ Փաշինյանը, ով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հետախուզման մեջ էր գտնվում, այս տարվա հուլիսի 1-ին ներկայացել է իրավապահ մարմիններին: Հուլիսի 3-ին դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2008-ի փետրվարի որոշումը:

Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով: Նա մեղադրվում է «Զանգվածային անկարգությունների կազմակերպման», «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու» մեջ: Այդ հոդվածներով նախատեսված ամենախիստ պատիժը 4-ից մինչեւ 10 տարվա ազատազրկումն է:

Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշման համաձայն` պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները:

Համաներումը չի կիրառվում մինչեւ Ազգային ժողովի որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ` «բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան»:
XS
SM
MD
LG