Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլին բարեփոխումներ է առաջարկում


Միխեիլ Սահակաշվիլին ելույթ է ունենում խորհրդարանում, Թբիլիսի, 20 հուլիսի, 2009
Միխեիլ Սահակաշվիլին ելույթ է ունենում խորհրդարանում, Թբիլիսի, 20 հուլիսի, 2009

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկուշաբթի երեկոյան ելույթ է ունեցել խորհրդարանում եւ, ինչպես նախապես ենթադրվում էր, հանդես է եկել քաղաքական մի շարք առաջարկներով:

«Մենք պարտավոր ենք վերջ տալ քաղաքացիական պատերազմի բովանդակությամբ հռետորաբանությանն ու հանրային հակամարտությանը, մենք պետք է հասկանանք, որ երկիրը կառուցելու ենք ոչ թե փողոցներում բղավելով, այլ բացառապես քաղաքակիրթ միջոցներով, ընտրությունների ճանապարհով», - ասել է Սահակաշվիլին:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ` Վրաստանի նախագահը առաջարկել է Թբիլիսիի քաղաքապետի ուղիղ ընտրություններ:

«Եկեք այդ ընտրություններն անցկացնենք ոչ թե 2010 թվականի աշնանը, ինչպես նախատեսված էր, այլ 2010-ի մայիսի 30-ին», - ասել է նախագահը` առաջարկելով նաեւ մինչեւ այս տարվա վերջ ստեղծել Կենտրոնական ընտրական նոր հանձնաժողով, որի նախագահին կընտրեն քաղաքական կուսակցությունների համաձայնությամբ:

Սահակաշվիլին առաջարկել է կազմել Վրաստանի հանրային հեռուստատեսության տնօրենների 9-հոգանոց խորհուրդ, որոնցից 4-ը կնշանակվի իշխանությունների կողմից, 4-ը՝ ընդդիմության, եւ 1-ը կլինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Դա, ըստ նախագահի, կդառնա առաջին քայլը հանրային հեռարձակողի բացարձակ ապաքաղաքականացման ուղղությամբ:

«Ավելին, խորհրդարանին առաջարկում եմ մինչեւ սեպտեմբերի վերջ մշակել Հանրային հեռուստատեսության երկրորդ ալիքի խորհրդատուների խորհուրդ կազմելու կարգը եւ ստեղծել այնպիսի հեռուստակայան, որը տեսակետները հայտնելու հնարավորություն կընձեռի բոլոր, նույնիսկ ամենափոքրաթիվ կուսակցություններին», - ասել է Սահակաշվիլին:

Նա առաջարկել է նաեւ նախագահի լիազորությունների կրճատման շնորհիվ խորհրդարանի լիազորությունների ընդլայնում եւ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ: Գործադիրի եւ օրենսդիրի միջեւ լիազորությունների վերաբաժանման մասին օրինագծի ստեղծմամբ զբաղվելու է խորհրդարանի հատուկ հանձնաժողովը, որում ներկայացված կլինեն խորհրդարանում ընդգրկված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:

Ընդդիմության առաջնորդներից Կախա Կուկավան երկուշաբթի երեկոյան հայտարարել է, թե Սահակաշվիլին, ըստ էության, նոր բան չի ասել: «Սա այդ նախաձեռնությունների 16-րդ կամ 17-րդ հրապարակումն է: Սահակաշվիլիի ելույթը վկայում է, թե որքան խորն է Վրաստանի ճգնաժամը», - ասել է Կուկավան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG