Մատչելիության հղումներ

40 տարի առաջ մարդիկ ոտք են դրել Լուսնի վրա


«Ապոլո-11» անձնակազմը Լուսնի ուղղությամբ է արձակվել 1969 թվականի հուլիսի 16-ին: Անձնակազմի անդամներն էին Նիլ Արմստրոնքը, Բազզ Էդվին Ալդրինը եւ Մայքլ Քոլլինզը:

«Ապոլո-11» աստղանավն ուներ վայրէջքի եւ թռիչքի սարքավորումերով փոքրիկ մոդուլ-նավակ, որով Արմստրոնգն ու Ալդրինն իջել են Լուսնի վրա: Քոլլինզը նրանց սպասել է հիմնական աստղանավում: Ճիշտ 40 տարի առաջ՝ 1969 թվականի հուլիսի 20-ին, ամերիկացի աստղանավորդ Արմստրոնգը, ոտք դնելով Լուսնի վրա, ասել է. - «Սա փոքրիկ քայլ է մարդու համար եւ հսկայական ցատկ՝ մարդկության համար»:

Արմստրոնգն ու Ալդրինը Լուսնի վրա տեղադրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դրոշը, լուսանկարահանումներ են կատարել եւ հավաքել են Լուսնի բնահողի նմուշները: Նրանք Լուսնի վրա են մնացել ընդհանուր առմամբ մոտ 21 ժամ: Ապա միացրել են մոդուլի թռիչքի շարժիչն ու վերեւ բարձրանալով՝ միացել են հիմնական աստղանավին:

Լուսնի վրա է մնացել վայրէջքի սարքավորումը, որի վրա ամրացված է այսպիսի գրություն. - «Այստեղ առաջին անգամ Երկիր մոլորակի բնակիչները ոտք են դրել Լուսնի վրա: Նոր դարաղրջանի 1969 թվականի հուլիս: Մենք մարդկության անունից խաղաղությանբ ենք եկել»:

1969 թվականի հուլիսի 24-ին «Ապոլո-11» աստղանավը բարեհաջող վերադարձել է Երկիր:

Լուսին հասնելու ծրագիրը մեկնարկել է 60-ականների սկզբին: 1961 թվականին մայիսի 25-ին նախագահ Ջոն Քեննեդին Կոնգրեսում ներկայացրել է աստղանավորդների թիմ Լուսին ուղարկելու եւ ապահով Երկիր մոլորակ վերադարձնելու ծրագիրը: Այն անվանել են «Ապոլո»: Դրա շրջանակներում ամերիկացիները 6 անձնակազմ են ուղարկել Լուսին: Ընդհանուր առմամբ, 12 ամերիկացի աստղանավորդ է հասել Երկիր մոլորակի բնական արբանյակ: «Ապոլո» ծրագրի վերջին ուղեւորությունը 1972 թվականի դեկտեմբերին էր:

Այսօր 16 երկրների համատեղ ջանքերով իրականացվում է Միջազգային տիեզերակայանի ծրագիրը: Բացի այդ, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրամիությունը, Ճապոնիան եւ այլ երկրներ իրենց տիեզերական ազգային ծրագրերն են մշակում:

Մասնագետները ենթադրում են, որ 2020-2025 թվականներին մարդկությունը համատեղ ջանքերով կարող է իրականացնել հավակնոտ հաջորդ ծրագիրը՝ հասնել Մարս: Ընդ որում, այդ ուղղությամբ միջանկյալ քայլ կարող է դառնալ վերստին Լուսին հասնելու եւ այնտեղ մշտական կայան տեղադրելու ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG