Մատչելիության հղումներ

Սեւանում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածք է ստացել


Հայաստան -- Ոստիկանները տեղազննություն են իրականացնում Սեւանի թերակղզու մոտ գտնվող ՙԼայֆ՚ հանգստավայրում, 20-ը հուլիսի, 2009 թ. Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Հայաստան -- Ոստիկանները տեղազննություն են իրականացնում Սեւանի թերակղզու մոտ գտնվող ՙԼայֆ՚ հանգստավայրում, 20-ը հուլիսի, 2009 թ. Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Հուլիսի 19-ի երեկոյան` ժամը 20:00-ի սահմաններում, Սեւանի թերակղզու մոտ գտնվող ՙԼայֆ՚ հանգստյան վայրում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով կտրող-ծակող գործիքից 4 հոգի ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Սեւանի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ եւ ընթանում է նախաքննություն: Քննության շահերից ելնելով` այստեղ հրաժարվեցին որեւէ տեղեկություն տրամադրել: «Ազատություն» ռադիոկայանին հաջողվեց ճշտել վիճաբանությանը մասնակցած անձանցից չորսի տվյալները, ովքեր բոլորն էլ Երեւանից են: Նրանք են` 1988թ. ծնված Մանուկ Մեներջյան եւ Համբարձում Եղիազարյան, 1989թ. ծնված Իշխան Ղարագյոզյան եւ 1978թ. ծնված Գոռ Անանյան: Վիճաբանությանը մասնակցել են եւս երկու հոգի, ովքեր, սակայն, բժշկական օգնության չեն դիմել:

20:50-ի շրջակայքում տուժածները տարվել են Սեւանի հիվանդանոց, որտեղ առաջնային բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երեւան:

Սեւանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արամ Նիկողոսյանը ասաց, որ հիվանդներից մեկի` Գոռ Անանյանի վիճակը ծանր է եղել. - «Ստացել է կրծքավանդակի եւ գոտկային հատվածի կտրված վերք»:

Արդեն օրվա վերջում հայտնի դարձավ, որ դեպքի կապակցությամբ ոստիկանության Սեւանի քննչական բաժնում հարուցված քրեական գործը մոտ է բացահայտմանը: Ոստիկանությունից ասացին, որ վիճաբանությունը կենցաղային է եղել. երիտասարդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, եւ մեկը մյուսին ՙթարս նայելու՚ պատճառով վիճաբանություն է ծագել:

Ականատեսներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, փոխանցեց, թե ինքը նաեւ կրակոցների ձայներ է լսել: Կիրակի երեկոյան եւ անցած գիշերվա ընթացքում դեպքի կապակցությամբ ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված վերահսկողություն էր սահմանել Երեւան-Սեւան մայրուղու վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG