Մատչելիության հղումներ

Ամերիկահայ ուսանողները պրակտիկա են անցնում հայրենիքում


Այս օրերին Երեւանում ամառային պրակտիկա են անցնում ամերիկահայ ուսանողներ: Նախարարություններում, բժշկական կենտրոններում, հասարակական կազմակերպություններում Ամերիկայում մեծացած հայազգի երիտասարդները գործնական գիտելիքներ են ստանում, դրսեւորում ամերիկյան բուհերում իրենց սովորածը:

1999 թվականից ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից 57 երիտասարդ է երկու ամսով պրակտիկա անցել Հայաստանում: Այս տարի այն հետաքրքրել է ամերիկյան տարբեր նահանգներում բնակվող 8 երիտասարդի, նրանք արդեն մեկ ամիս է հայրենիքում են:

Ծրագրի նախաձեռնող` Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ ծրագիրն օգնում է երիտասարդներին հենց այստեղ ծանոթանալ Հայաստանին, երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ առհասարակ պատկերացում կազմել հայրենիքի մասին, որտեղ շատերն առաջին անգամ են լինում. - «Նրանք անգամ ամենօրյա խնդիրներն են զգում իրենց վրա` լինի դա գազի, ջրի, թե լույսի հարց»:

Արփի Վարդանյանի փոխանցմամբ` ծրագրի շնորհիվ երիտասարդներից ոմանք վերադարձել եւ բնակություն են հաստատել Հայաստանում, իսկ մյուսները ավելի ակտիվ են դառնում իրենց համայնքներում, շատերը հիմնում են հայկական երիտասարդական կազմակերպություններ կամ դառնում դրանց անդամներ եւ զբաղվում հայանպաստ գործունեությամբ: Նա ասաց, որ Ամերիկայի հայկական համագումարում առաջին հերթին կարեւորում են հայրենիքում նրանց սոցիալական շփումը:

Սարգիս Կարապետյանը Յուտա նահանգում է բնակվում, պրակտիկան անցնում է Արդարադատության եւ Սփյուռքի նախարարություններում, երրորդ անգամ է այցելում Հայաստան, սակայն ասաց, որ չորրորդ անգամ կգա միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում մի քանի տարի աշխատած կլինի որպես ոստիկան, իսկ բնակություն կհաստատի այստեղ միայն թոշակի անցնելուց հետո:

Սարգիսը պատմեց, որ պրակտիկա անցնելով Արդարադատության նախարարության Եվրադատարանի եւ մարդու իրավունքների վարչությունում, եզրակացրել է` այստեղ մարդիկ շատ քիչ են տեղեկացված իրենց իրավունքներին, ինչի պատճառով տուժում են ամենուր:

Սոֆյա Մնջոյանը եկել է Տեխասից, ապագա դեղագործ է, Երեւանում պրակտիկա է անցնում մի քանի միջազգային կազմակերպություններում: Պատմեց, թե սկզբում զարմացել է, որ շատ դեղեր, որոնք ԱՄՆ-ում տրվում են միայն դեղատոմսով եւ սահմանափակ քանակությամբ կամ արգելված են, այստեղ ցանկացած մարդ կարող է մտնել դեղատուն եւ ձեռք բերել, սակայն այժմ սովորել է սպասարկման ոլորտի «հայկական առանձնահատկություններին»:

Երիտասարդները մեկ ամսից պետք է մեկնեն Միացյալ Նահանգներ, արդեն ունեն ծրագրեր, որոնք պետք է իրականացնեն իրենց համայնքներում:
XS
SM
MD
LG