Մատչելիության հղումներ

Վահան Շիրխանյանը Մադրիդյան սկզբունքները «հակահայաստանյան եւ հակաարցախյան» է համարում


Հայաստան -- Վահան Շիրխանյանի եւ Լյուդմիլա Հարությունյանի բանավեճը, Երեւան, 20-ը հուլիսի, 2009 թ.
Հայաստան -- Վահան Շիրխանյանի եւ Լյուդմիլա Հարությունյանի բանավեճը, Երեւան, 20-ը հուլիսի, 2009 թ.

Ղարաբաղյան կարգավորման թեմայով երկուշաբթի տեղի ունեցած բանավեճին Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հանդես եկավ 8 կետից բաղկացած հայտարարությամբ` Հայաստանյան իշխանություններին քննադատելով Մադրիդյան սկզբունքներն ընդունելու համար:

«Մադրիդյան սկզբունքները հակահայ են, հակահայաստանյան են եւ հակաարցախյան են: Քոչարյանը եւ Օսկանյանը պետք է պատասխան տան դրանց համար ԼՂՀ-ի դատարանի առջեւ: Տասնմեկ տարի Հայաստանում ձեւավորվել են անօրինական իշխանություններ եւ անմիջապես լեգիտիմացվել են ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի կողմից, որպեսզի Հայաստանում վերջնականորեն հաստատվի կամակատար, մարիոնետ իշխանություն: Միայն այս դեպքում է հնարավոր Հայաստանին պարտադրել Մադրիդյան, կամ նման այլ սկզբունքներ», - հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարարը:

Շիրխանյանի հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ քանի դեռ Ադրբեջանը չի պատժել Սումգաիթի եւ Խանլարի ջարդարարներին, Հայաստանը եւ Արցախը Ադրբեջանի հետ բանակցելու պարտավորություն չունեն:

Քննարկմանը մասնակցող սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը այս մոտեցումը «ծայրահեղ» է համարում. - «Ես կոնֆլիկտների լուծման մասնագետ եմ: Գիտեք, նման հայտարարությունները հասարակությունում միշտ հնչում են: Ադրբեջանում նախագահն է ծայրահեղ կարծիքը հնչեցնում, մեզ մոտ` ընդդիմությունը: Շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել»:

«Ես անձամբ պահանջում եմ, որպես Հայաստանի քաղաքացի, ձերբազատվել [բանակցություններում] Ղարաբաղին պատկանող դերից, հասարակության կարծիքը լսել, եւ մտահոգ լինել ապագայի մասին», - նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հետեւյալ պահանջները առաջադրեց Լյուդմիլա Հարությունյանը:

Իր հերթին Վահան Շիրխանյանը 2 տարբերակ առաջարկեց հանրապետության նախագահին. - «Եթե նա ունի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման քաղաքական ծրագիր, թող անցնի այդ ծրագրի իրականացմանը: Եթե նա չունի այդ ծրագիրը, նա պետք է հեռանա, ինչպես հեռացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG