Մատչելիության հղումներ

Հուլիսի 20-ը Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է


Հուլիսի 20-ը Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է: Հոբելյանական չէ` լրանում է մեծ նկարչի 81-ամյակը: Սակայն, ինչպես խոստանում է մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը, այս տարի եւս կշարունակվեն Մինասի 80-ամյա հոբելյանին նվիրված իրադարձությունները:

Մասնավորապես, ըստ Սոնա Հարությունյանի, մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ Նեապոլի գեղեցիկ արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալոյի հետ համագործակցությամբ նախատեսվում է Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների առնվազն չորս ցուցահանդեսների բացում Իտալիայում, եւ մեկ ցուցահանդես էլ կբացվի այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում:

Երկուշաբթի օրը Երեւանի կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ, որտեղ առաջին անգամ կհնչի գերմանացի անվանի երաժիշտ Դոմինիկ Պոնելի` հատուկ Մինաս Ավետիսյանի համար գրված ստեղծագործությունը` Մենակատարների պետական նվագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Զավեն Վարդանյան):

Արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանը, ով լավ է ճանաչել մեծ արվեստագետին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. - «Ամենակարեւորը արվեստը ճիշտ գնահատելն է, այսինքն` արվեստագետի մեջ տեսնել այն հատկությունները, որ նրան կարող են միջազգային դարձնել: Մինասը .... ուզում էր գույնի մեջ, գույնի հնչողության մեջ դնել այն դրամատիզմը, այն անազատ հոգեկան վիճակի արտահայտությունը, որ կար մեր ժամանակներում: Իսկ հիմա բոլորովին այլ կերպ է ներկայացվում ինքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG