Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մերձմոսկովյան Մայնդորֆում, 2 նոյեմբերի, 2008
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մերձմոսկովյան Մայնդորֆում, 2 նոյեմբերի, 2008

Ուրբաթ օրը Մոսկվա ժամանեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին Ռուսաստանի մայրաքաղաքում` «Պրեզիդենտ» հյուրանոցում, Հայաստանի նախագահը 7-րդ անգամ կհանդիպի ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ:

Այս անգամ մոսկովյան բանակցությունները Ղարաբաղի թեմայով երկու փուլով են անցնելու: Դրանցից առաջինը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումն է, իսկ շաբաթ օրը նախատեսված է եռակող հանդիպում` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կմիանա նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Մոսկովյան բանակցությունների նախաշեմին` անցած շաբաթավերջին իտալական Ակվիլա քաղաքում կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես եկան` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորելով կարգավորել Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իրենց հայտարարությունում նաեւ հրապարակեցին Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց նախնական տարբերակը Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում (Մադրիդյան սկզբունքներ):

Փորձագետները, այդ թվում նաեւ` ռուսաստանցի, թեեւ համոզված են, որ մոսկովյան բանակցությունների արդյունքում փաստաթուղթ չի ստորագրվի, այդուամենայնիվ, ակնկալում են, որ դրանք կարող են լուրջ առաջընթաց արձանագրել, քանի որ հենց այս բանակցությունների նախօրեին են պաշտոնապես հրապարակվել Մադրիդյան սկզբունքները, եւ, փաստորեն, խախտվել է բանակցությունների գաղտնիության սկզբունքը, հետեւաբար` կարելի է ենթադրել, որ դրանք մեծամասամբ արդեն համաձայնեցված են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:

Չի բացառվում, որ մոսկովյան հանդիպումների ժամանակ հայկական կողմը բարձրացնի բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտության հարցը:

Շաբաթ օրը Մոսկվայում կանցկացվի Ռուսաստանի նախագահի մրցանակի համար ձիարշավի հերթական` 4-րդ մրցաշարը, որի ժամանակ սովորաբար հավաքվում են ԱՊՀ-ի նախագահները, եւ այն ստացել էր ԱՊՀ-ի ոչ ֆորմալ գագաթնաժողովի կարգավիճակ:

Այս տարի Կրեմլում չեն խոսում ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին, քանի որ ԱՊՀ-ի երկրներից միայն մի քանիսի նախագահներն են համաձայնել մասնակցել հանդիպմանը. Մոսկվայում չեն լինի Ուկրաինայի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի եւ Բեռալուսի նախագահները: Փորձագետները սա որակում են Մոսկվայի լուրջ պարտություն ԱՊՀ-ի տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG