Մատչելիության հղումներ

Հուլիսի 17-ի մամուլ


«Իրավունքը de facto»-ն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացին եւ դատողություններ անելով, մասնավորապես, Մադրիդյան սկզբունքների շուրջ, գրում է. - «Իհարկե, Հայաստանի Հանրապետության նախագահը մինչեւ այսօր ստորագրել է այն ամենը, ինչ իրեն առաջարկվել է, բայց այս վերջինը նա պարզապես չի անի, եթե ռեալ կորստի դեմ ստանա ոչ թե ռեալ ձեռքբերում, այլ անորոշ երաշխիք: Ու որեւէ դարակազմիկ կամ ճակատագրական նշանակություն ո’չ իսպանական Մադրիդը, ո’չ իտալական Ակվիլան իրականում հայ ժողովրդի կյանքում չեն ունենա: Աշխարհի ոչ մի մայրաքաղաք կամ քաղաք չի կարող որոշել այն, ինչ պիտի որոշվի Երեւանում` Ստեփանակերտի միջով անցնելով»:

Մեկնաբանելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ «Չերյոմուխա» հատուկ միջոց կիրառած ոստիկանների դեմ քրեական գործեր հարուցելու փաստը՝ «Հրապարակ»-ը հետեւյալ եզրակացությունն է անում. - «Եթե իշխանությունն իրոք քաղաքական որոշում է կայացրել պատժել մարտի 1-ի իրական մեղավորներին, Հատուկ քննչական ծառայությունում հարուցված այս քրեական գործերը սենսացիոն ընթացք կարող են ունենալ: Սա կարող է նշանակել, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի սրընթաց կարգավորման շրջանում Սերժ Սարգսյանի վարչախմբին օդի նման անհրաժեշտ են որքան հնարավոր է շատ բացահայտումներ»:

Նույն կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ը նկատում է. - «Ողջ խնդիրն այն է, որ վերը նշված այդ երկու հոդվածների վրա էլ տարածվում է հունիսի 19-ին Ազգային ժողովի կողմից ընդունված համաներումը: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները այս քայլը եվրոպացիների կներկայացնեն որպես մարտի 1-ի մեղավոր ոստիկաններին պատժելուն ուղղված ջանք,սակայն իրականում ոչ ոք չի պատժվի: Պարզապես Հատուկ քննչական ծառայությունը մի լավ թուղթ կսեւացնի»:

«Թուրքիան նախապատրաստվում է Հայաստանի հետ հանդիպմանը» վերնագրի ներքո «Ազգ» թերթի մեկնաբանը, տեղեկացնելով, որ Կեսարիայում հասարակական մեծ շարժում է սկսվել այնտեղ կայանալիք ֆուտբոլային հանդիպման դեմ, նշում է. - «Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումը կանցկացվի՞ Աբդուլա Գյուլի ծննդավայր Կեսարիայում, կամ Սերժ Սարգսյանը ի՞նչ արձագանք կտա հրավերին, դժվար է ասել: Բայց որ Թուրքիան պատասխան հանդիպմանը լրջորեն պատրաստվում է, իսկ դրա թերեւս գլխավոր առանձնահատկությունը ՀՀ նախագահին փոխադարձաբար Թուրքիա հրավիրելու առիթն է, կասկած չի հարուցում»:

Մեկ հատված Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի՝ «Առավոտ» թերթին տված հարցազրույցից: Հարց. - «Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ են արդյունավետ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քայլերը»: Պատասխան. - «Իսկ մի՞թե այդպիսիք կան: Նախ՝ ես չեմ տեսնում հակաճգնաժամային քայլեր, ուղղակի տեսնում եմ կառավարության կողմից իրականացվող հարկադրված միջոցառումներ: Որովհետեւ իրապես հակաճգնաժամային քայլեր հնարավոր կլիներ անել այն դեպքում, եթե կառավարությունը դեռեւս անցած դեկտեմբերին ընդուներ, որ մեր տնտեսությունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում եւ համապատասխան ծրագրեր մշակեր: Դեռեւս անցած նոյեմբերին, երբ մեր իշխանությունները քննարկում էին բյուջեն եւ 9,2 տոկոս աճ էին նախատեսում, մենք ասում էինք՝ հո հիվանդ չե՞ք, չե՞ք հասկանում, որ այդպիսի աճ չի կարող լինել, այն դեպքում, երբ ամերիկյան տնտեսությունը փլուզվում էր, երբ նավթի գներն ընկնում էին Ռուսաստանում: Երբ մենք ասում էինք, որ պետք է փոխել դրամի արժեզրկման տակտիկան՝ դուք վարում եք ոչ թե լողացող, այլ ֆիքսված քաղաքականություն, մեզ ասում էին՝ այդ ի՞նչ դեմագոգիա եք անում, մենք ֆիքսված քաղաքականություն չենք տանում: Սակայն մենք տեսնում էինք, որ կառավարությունն օրեցօր վատնում է մեր երկրի արտաքին պահուստները, օր օրի հաշվում էինք՝ 30, 40, 50 միլիոն ամեն օր քամուն է տրվում: Արդյունքում 700-800 միլիոն կորցրինք: Եվ ինչի համար՝ որ կուրսը պահենք ու ներմուծողները հարստանա՞ն: Այսօր իշխանություններն ընդամենը օրվա խնդիր ունեն լուծելու, քանի որ գիտեն, որ երկար չեն մնալու, իսկ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի օլիգարխիան հարստանա, որպեսզի միջին եւ մանր բիզնեսը վերանա»:

Տնտեսությանը վերաբերող անդրադարձ կա նաեւ «Կապիտալ»-ում. - «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը զգալիորեն անդրադարձել է Հայաստանի արտաքին առևտրի վրա: Այդ մասին են վկայում Պետեկամուտների կոմիտեի հրապարակած նախնական տվյալները 2009թ. առաջին կիսամյակում ներմուծման եւ արտահանման կառուցվածքի վերաբերյալ: 2009թ. առաջին կիսամյակում գրեթե եռակի կրճատվել է ավտոմոբիլների ներմուծումը: Եթե 2008թ. առաջին կիսամյակում ներմուծվել էր 18.1 հազ. ավտոմեքենա, ապա այս տարի՝ 8 հազ.: Սակայն ներմուծված մեքենաների մաքսային արժեքն էական փոփոխություն չի կրել՝ անցյալ տարի 1 մեքենայի միջին մաքսային արժեքը 11.5 հազ. դոլար էր, այս տարի՝ 11.3 հազ.:
Սա նշանակում է, որ առավել ապահովված խավը չի կորցրել հետաքրքրությունը թանկարժեք մեքենաների նկատմամբ, իսկ պահանջարկի անկումը տեղի է ունեցել միջին խավի շրջանում: Այնուամենայնիվ, մեքենաների ներմուծումը դեռևս շարունակում է արտաքին առեւտրում պահպանել կարեւոր դերակատարումը: Ներմուծված ապրանքների մեջ ավտոմեքենաները գրավում են երկրորդ տեղը՝ 90.6 մլն դոլար: Այս ցուցանիշով ավտոմեքենաները զիջում են միայն բնական և հեղուկ գազին՝ 131.6 մլն դոլար: Սա այն դեպքում, երբ բնական գազի ներմուծումը նույնպես կրճատվել է՝ 1.1 մլրդ խմ՝ նախորդ տարվա 1.26 մլրդ խմ-ի փոխարեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG