Մատչելիության հղումներ

Հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ հարուցվել է քրեական գործ


2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառումների ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։

«Ազատություն» ռադիոկայանի այս տեղեկությունը այսօր հաստատեց հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար՝ Սոնա Տոռւզյանը լրացուցիչ տեղեկություններ փոխանցեց, նշելով, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Կորյուն Փիլոյանը գրավոր ցուցում է տվել նախաքննական մարմնին՝ քրեական գործ հարուցել «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1.2.3 մասերի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, ինչը մարդու առողջությունյանը անզգուշությամբ ծանր վնաս եւ երկու կամ ավելի անձանց մահ է առաջացրել)։

Նույն աղբյուրի հավաստմամբ, մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուղարկած նյութերի հիման վրա։

Հանձնաժողովից ստացվել են տեսագրություններ 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Ստացված տեսագրություններում կան կադրեր, թե ինչպես են վահաններով եւ մահակներով զինված ոստիկանության աշխատակիցները վազում քաղաքացիական հագուստով անձանց հետեւից եւ, հատուկ միջոց հանդիսացող մահակներով, հարվածում անհայտ քաղաքացուն։ Նկատի ունենալով, որ նշված կադրերում առկա է, որ ոստիկաններն իրենց պաշտոնեական լիազորություններն ակնհայտորեն գերազանցելով գործողություններ են կատարում Կորյուն Փիլոյանը հանձնարարել է հարուցել քրեական գործ եւ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները քրեական գործի նախաքննության օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, բոլոր հանգամանքները պարզելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG