Մատչելիության հղումներ

Վայր է ընկել Թեհրան - Երեւան օդանավը


Հուլիսի 15-ին Իրանի տարածքում` մայրաքաղաք Թեհրանից հյուսիս-արեւմուտք գտնվող Ղազվին նահանգում վայր է ընկել Թեհրանից Երեւան թռիչք իրականացնող` Caspian Airlines ընկերության «Տուպոլեւ» օդանավը:

Caspian Airlines ընկերության երեւանյան գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ օդանավի բոլոր 153 ուղեւորները, ինչպես նաեւ անձնակազմի 15 անդամները զոհվել են: Զոհերի ցուցակը ճշտվում է:

Ըստ նույն աղբյուրի` անձնակազմի անդամներից երկուսը հայ են` տեխնիկներ Սուրեն Սողոմոնյան եւ Գրիգոր Բարսեղյան:

Ինչպես Թեհրանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իրանահայ լրագրող Վարդան Դավթյանը, «առավոտյան ժամը 11:33 Caspian ընկերությանը պատկանող օդանավը, որի թռիչքի համարն էր 7908, 153 ուղեւորներով, որը ունեցել է նաեւ 15 սպասարկուներ, թռիչք է կատարել, բայց 16 րոպե հետո վայր է ընկել Ղազվինի շրջակայքում եւ, դժբախտաբար, բոլոր ուղեւորները, ինչպես տեղեկացնում են, կենդանի չեն, որեւէ հույս չկա, որ ուղեւորներից որեւէ մեկը կենդանի մնացած լինի»:

سقوط هواپيمای مسافربری در قزوين
please wait

No media source currently available

0:00 0:01:08 0:00


Իրանահայ լրագրողի վկայությամբ` դեռ որեւէ լուր չկա նաեւ աղետի պատճառների վերաբերյալ:

Չորեքշաբթի օրը ավելի ուշ Վարդան Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին: Նա հատուկ հանձնախումբ է ստեղծել` քննելու համար աղետի պատճառները, եւ հանձնարարել է, որ արդյունքների մասին անմիջապես զեկուցեն իրեն:

Իրանահայ լրագրողը ասաց, որ ըստ ոչ պաշտոնական լուրերի` մինչեւ վայր ընկնելը օդանավի ներսում հրդեհ է բռնկվել: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ սա միայն ոչ պաշտոնական խոսակցություններ են, պաշտոնապես դեռ որեւէ վարկած չի նշվում:

Դավթյանը ասաց, որ դեպի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայան տանող ճանապարհին շատ մեքենաներ կան, մեծ աղմուկ. մարդիկ ցանկանում են օդանավակայանից լուրեր իմանալ իրենց հարազատների մասին:

Աղետի ենթարկված օդանավի ուղեւորների անունները պաշտոնապես չեն հրապարակվել, այս մասին առայժմ կան միայն նախնական տվյալներ: Վարդան Դավթյանը հայտնեց, որ ուղեւորներից մի քանիսին ճանաչում է` ընկերոջը, նրա քրոջը` ամուսնու հետ, եւ նրանց ընկերներից մեկին: Այդուհանդերձ, իրանահայ լրագրողը նրանց անունները չհայտնեց, քանի որ ուղեւորների անունները պաշտոնապես չեն հրապարակվել: Դավթյանը ասաց միայն, որ իր ճանաչած մարդիկ Թեհրանից են, նրանցից երկուսը երկար ժամանակ բնակվում էին Հայաստանում:

Հայաստանի կառավարությանը առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Մեր ունեցած ինֆորմացիայի համաձայն` ժամը 12:09 Թեհրանից Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» օդանավը, որում եղել են 153 ուղեւոր եւ 15 հոգի` անձնակազմի անդամներից, թռիչքից 16 րոպե անց վթարի է ենթարկվել»:

Ըստ Նելլի Չերչինյանի` զոհերի թիվը ներկայումս ճշտվում է: Քաղավիացիայի վարչության մամլո քարտուղարը հայտնեց նաեւ, որ աղետի հանգամանքները պարզելու նպատակով վարչությունում աշխատանքային խումբ է ստեղծվել:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից հայտնեցին, որ Թեհրան - Երեւան օդանավի աղետի հետ կապված` նախագահ Սերժ Սարգսյանն ընդհատել է իր աշխատանքային այցը Շիրակի մարզ եւ վերադարձել Երեւան:

Աղետի կապակցությամբ Սերժ Սարգսյանը ցավակցական խոսքով է հանդես եկել, որում ասված է. - «Սիրելի' հայրենակիցներ, այսօր դիմում եմ ձեզ ցավալի առիթով. ժամեր առաջ վթարի է ենթարկվել Թեհրան - Երեւան չվերթն իրականացնող օդանավը: Ըստ տվյալների` աղետին զոհ են գնացել ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները: Զոհերի թվում են նաեւ մեր հայրենակիցները: Մենք չենք կարող հետ բերել կորուստները եւ մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Հայաստանի իշխանությունն անում է հնարավորը` օգնելու նրանց այս ծանր պահին: Դժվար է սփոփանքի ու մխիթարանքի խոսքեր գտնել մարդկանց համար, ովքեր հարազատ են կորցրել: Այս մեծ ողբերգությունը հաղթահարելու համար մաղթում եմ ոգու կորով եւ արիություն»:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` «Տու-154» ինքնաթիռի վթարի կապակցությամբ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Ազգային անվտանգության ծառայության եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարները ներկայացրել են ինքնաթիռի վթարի հետ կապված մանրամասները: Որոշվել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի գլխավորությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով:

Աղետի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարությունում բացվել է թեժ գիծ. տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել +37410562543, +37410566811 եւ +37410544041 (ներքին 202 կամ 217) հեռախոսահամարներով:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ` օդանավում է եղել նաեւ Թեհրանի ձյուդոյի երիտասարդ հավաքականի շուրջ 10-հոգանոց խումը, որը Երեւան էր ժամանում Հայաստանի հավաքականի հետ մարզումներ անցկացնելու համար, ապա օգոստոսի սկզբին` Հունգարիա մեկնելու համար:

«Ինքնաթիռում գտնվող անձանց ինքնությունը դժվար կլինի պարզել, քանի որ նրանք վերջին աստիճանի այրվածքներ են ստացել», - ըստ DPA գործակալության` ասել է Ղազվին նահանգի ոստիկանության ղեկավարը:

Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ վերջին տասնամյակում Իրանում մի քանի ավիավթար է տեղի ունեցել, սակայն այսօրվանը դրանցից ամենախոշորն է:

2006 թվականի փետրվարին աղետի է ենթարկվել Iran Airtour-ին պատկանող «Տու-154»-ը, օդանավում գտնվող 148 ուղեւորներից 29 զոհվել են: 2002 թվականին նույն ընկերությանը պատկանող «Տու-154»-ը վայր է ընկել Իրանի արեւմուտքում գտնվող լեռներում, զոհվել է 199 մարդ:

Թեհրանի նկատմամբ միջազգային հանրության սահմանած պատժամիջոցների արդյունքում Իրանը ստիպված է օդանավեր ձեռք բերել միայն Ռուսաստանից եւ Ուկրաինայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG