Մատչելիության հղումներ

Ալիեւի համոզմամբ` Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը


Մեծ Բրիտանիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեքշաբթի օրը հայտարարել է, թե համոզված է` Թուրքիան կկատարի իր խոստումը եւ չի բացի Հայաստանի հետ սահմանը:

«Թուրքիան ասել է,որ Հայաստանի հետ սահմանը մի դեպքում կբացվի` եթե լուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», - հիշեցրել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահի հավաստմամբ, սակայն, իրենք չեն խառնվում հայ - թուրքական բանակցություններին: Այլ երկրների ներքին խնդիրներին չմիջամտելը, Ալիեւի խոսքերով, իրենց արտաքին քաղաքականության մի մասն է կազմում:

«Հարեւանների գործերին չենք խառնվում: Այս նույն մոտեցումը մենք դավանում ենք նաեւ Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների հետ կապված», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիեւը լոնդոնյան այցի ընթացքում նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն էր անդրադարձել` մասնավորապես հայտարարելով, թե «Ղարաբաղի անկախության մասին խոսք լինել չի կարող»:

Ադրբեջանի նախագահի այցը Մեծ Բրիտանիա եռօրյա է` Լոնդոնում նա մինչեւ հուլիսի 16-ը հանդիպումներ կանցկացնի:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` Ալիեւը եւ նրա տիկինը` Մեհրիբանը, եղել են նաեւ Մեծ Բրիտանիայի թագուհու հյուրը:

Հաղորդման համաձայն` նրանք իրենց զրույցը անցկացրել են թեյի սեղանի շուրջ:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Իլհամ Ալիեւի եւ Էլիզաբեթ երկրորդի հանդիպումը տեղի է ունեցել բացառության կարգով, քանի որ թագուհին ընդունում է միայն պաշտոնական այցով ժամանած պաշտոնյաներին, իսկ Ալիեւի այս այցը աշխատանքային է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG