Մատչելիության հղումներ

Ալեն Թերզյանը արժանացավ Հայաստանի պետական բարձր պարգեւի


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Ֆրանսիայի ֆիլմարտադրողների միության նախագահ, Ֆրանսիայի Կինոարվեստի ակադեմիայի նախագահ, «Սեզար» մրցանակաբաշխության նախագահ, Կաննի կինոփառատոնի տնօրեն Ալեն Թերզյանին է հանձնել Պատվո շքանշանը, որով ֆրանսահայ արվեստագետը պարգեւատրվել է նախագահի երեկվա հրամանագրով:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Հայաստանի պետական բարձր պարգեւը Ալեն Թերզյանին շնորհվել է «կինոարվեստի բնագավառում ունեցած ծանրակշիռ ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի հետ մշակութային սերտ համագործակցության ու հայ - ֆրանսիական բարեկամության խորացմանը նպաստող գործունեության համար»:

Այսօր հյուրընկալելով Ալեն Թերզյանին եւ նրա տիկնոջը` Սերժ Սարգսյանը ողջունել է աշխարհահռչակ ռեժիսորի առաջին այցը Հայաստան եւ մասնակցությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

«Մեր ժողովրդի ճակատագիրն այնպես է դասավորվել, որ նրա մի զգալի հատվածը սփռված է աշխարհով մեկ: Բայց սա մեզ համար նաեւ առավելություն է, եւ ես հաճախ եմ պնդում, որ Հայաստանը մի երկիր է առանց Սփյուռքի ու բոլորովին այլ երկիր` Սփյուռքով», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նշելով, որ Հայաստանը հպարտ է Ալեն Թերզյանի պես հայրենակից ունենալու հանգամանքով` նախագահն ընդգծել է. - «Ձեր նմանների շնորհիվ է նաեւ Հայաստանն ավելի ճանաչելի դառնում աշխարհում: Մեր նպատակն է, որ դրսում ապրող մեր հայրենակիցները լինելով տվյալ երկրի լավ քաղաքացի` միաժամանակ Հայաստանը համարեն իրենց պատմական հայրենիքը»:

«Անչափ ուրախ եմ, հպարտ ու հուզված, որ Հայաստանում եմ` իմ պատմական հայրենիքում», - ասել է Ալեն Թերզյանը:

Ֆրանսահայ արվեստագետը նշել է, որ տպավորված է «Ոսկե ծիրան» փառատոնով, որը տարեցտարի ավելի ու ավելի մեծ համբավ է ձեռք բերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG