Մատչելիության հղումներ

Ներսես Երիցյան. «Արդեն հաջորդ տարի Հայաստանը տնտեսական աճ կունենա»


Այս տարվա առաջին կեսին Հայաստանի տնտեսությունում նկատված անկման միտումները 2009-ի երկրորդ կեսին կկանգնեն, իսկ արդեն հաջորդ տարի Հայաստանը կունենա տնտեսական աճ: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` երեքշաբթի օրը նման կանխատեսմամբ հանդես եկավ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Նախարարի խոսքերով` կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում շինարարության ոլորտում նկատված անկումը կկանգնի, ինչը իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի ողջ տնտեսության դինամիկայի վրա:

Էկոնոմիկայի նախարարի նման կանխատեսումները հնչում են վարչապետ Տիգրան Սարգսյանի` մոտ մեկ շաբաթ առաջ արված այն գնահատականի ֆոնին, թե չի բացառվում, որ տարվա վերջին Հայաստանի տնտեսությունը անգամ ունենա 20 տոկոսանոց անկում:

«Կանխատեսումներ այսօր մինչեւ տարվա վերջ անելը դժվար է, որովհետեւ տարբեր տեսակի գործոններից է կախված, բայց մեր ենթադրությունները` որ անկման միտումները [այս տարվա] երկրորդ կեսին կկանգնեն, եւ մենք 2010 թվականին կունենանք արդեն փոքր աճի միտում, այսինքն` հակադարձը կտեսնենք 2009-10 թվականների համար», - ասաց Ներսես Երիցյանը:

Լրագրողների հետ էկոնոմիկայի նախարարը հանդիպեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ շվեյցարական «Գարավենտա» ընկերության միջեւ պայմանագրի ստորագրումից հետո, որի արդյունքում շվեյցարացիները 6.8 միլիոն եվրոյի դիմաց մոտ մեկ տարվա ընթացքում Հալիձոր գյուղից 5.7 կիլոմետրանոց ճոպանուղի են կառուցելու դեպի Տաթեւ: Հատուկ նշվում էր, որ այդ ճոպանուղին իր դասի մեջ աշխարհում ամենաերկարն է լինելու:

Ներսես Երիցյանի խոսքերով` Տաթեւի վանք տանող ճոպանուղու կառուցմամբ կառավարությունը չի սահմանափակվելու Հայաստանի հարավային շրջաններին վերաբերող եւ զբոսաշրջության զարգացմանը միտված իր նախաձեռնություններում:

«Մենք ընդհանուր հարավի նկատմամբ ծրագիր ունենք` զբոսաշրջային հոսքերը ավելացնելու, նաեւ Ջերմուկ, Տաթեւ եւ այլն` այդ ամբողջ շրջանակը: Այդտեղ մենք ենթադրում ենք, որ սովետմիության ժամանակ հոսող զբոսաշրջիկների քանակը` այն ժամանակ 25-30 հազար զբոսաշրջիկ էր այցելում տարբեր տեղերից, կարելի է առնվազն կրկնապատկել, եռապատկել` ճիշտ ենթակառուցվածքներ զարգացնելով», - վստահեցրեց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG