Մատչելիության հղումներ

Ջեյմս Սթեյնբերգ. «Մոսկովյան հանդիպումից ԱՄՆ-ն առաջընթաց է ակնկալում»


Գալիք շաբաթ Մոսկվայում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից Միացյալ Նահանգները առաջընթաց է սպասում: Այդ մասին երեւանյան բանակցություններից հետո լրագրողներին ասաց ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը:

Կարճատեւ երեւանյան այցելության ընթացքում Ջեյմս Սթեյնբերգը հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Շաբաթ օրը նախագահական նստավայրում հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալը տեղեկացրին, որ Ղարաբաղյան հիմնախնդրից զատ, Երեւանում քննարկվել են նաեւ հայ - թուրքական հարաբերությունները, հայ - ամերիկյան հարաբերությունները եւ Հայաստանում ժողովրդավարության վիճակը: Սակայն, ինչպես նշեց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, այցի հիմնական նպատակը Ղարաբաղյան հարցի քննարկումն էր:

«Մեր պատվիրակությունը Բաքվում հանդիպել է նախագահ Ալիեւի հետ, եւ Ադրբեջանում ու այստեղ ունեցած մեր քննարկումների արդյունքում մեզ մոտ տպավորություն է առաջացել, որ երկու կողմերն էլ փորձում են ընդհանուր լուծումներ գտնել` հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի արդյունքում, ինչպես ասված է երեք [Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի] նախագահների համատեղ հայտարարության մեջ, թույլ կտան օգտագործել այս հնարավորությունը եւ մոսկովյան հանդիպման ընթացքում առաջընթաց գրանցել», - ասաց Սթեյնբերգը: - «Եվ հիմք ընդունելով առաջ ընթանալու` երկու կողմերի վճռական տրամադրվածությունը, կարծում եմ, որ առկա է կառուցողական դիքորոշում: Ես չէի ցանկանա կանխատեսումներ կատարել մոսկովյան հանդիպման արդյունքների վերաբերյալ, սակայն մենք հիմք ենք ընդունում երկու կողմերի տրամադրվածությունը` լուրջ լինել նպատակների իրագործման առումով, եւ մենք հույս ունենք, որ գալիք շաբաթվա ընթացքում մենք ի վիճակի կլինենք առաջ շարժվել»:

ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալը անդրադարձավ նաեւ հայ - թուրքական հարաբերություններին` նշելով, որ Վաշինգտոնում բարձր են գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու` Հայաստանի ղեկավարության ջանքերը, ինչը դրական ազդեցություն կթողնի ոչ միայն երկու երկրների փոխհարաբերությունների, այլեւ ողջ տարածաշրջանի վրա:

«Մենք ողջունում ենք այն ջանքերը, որ նախագահ Սարգսյանն ու արտգործնախարար Նալբանդյանը գործադրում են Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման ճանապարհին առաջ շարժվելու համար, ինչը հնարավորություն կստեղծի երկու երկրների միջեւ սահմանների վերաբացման ու երկուստեք տնտեսական եւ քաղաքական կապերի հաստատման համար: Եվ պետք է ասեմ, որ ի սկզբանե մենք նշել ենք, թե այս գործընթացը պետք է կապ չունենա որեւէ այլ գործընթացի հետ, ու մենք հույս ունեք, որ երկու կողմերն էլ առաջընթաց կգրանցեն այս ուղղությամբ, որովհետեւ այն բխում է երկու երկրների շահերից: Ուստի մենք խրախուսելու ենք, որ այս գործընթացն առաջ շարժվի` կապ չունենալով որեւէ այլ հարցի հետ», - հայտարարեց Ջեյմս Սթեյնբերգը` հավելելով. - «Սակայն, միեւնույն ժամանակ, մենք կողջունենք Լեռնային Ղարաբաղի հարցին վերաբերող զուգահեռ առաջընթացը, որի հետ կապված, ինչպես նշեցի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կառուցողական դիրքորոշումը քաջալերում է ինձ»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, հայտնեց, որ պաշտոնական Երեւանը ողջունում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների ղեկավարների` Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի ու Դմիտրի Մեդվեդեւի` Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունած համատեղ հայտարարությունը, եւ նշեց, թե ԵԱՀԿ-ի ու այլ կայքէջերում հրապարակված Մադրիդյան սկզբունքների մի մասի շուրջ ընթանում են բանակցություններ, իսկ որոշ սկզբունքներ չեն էլ քննարկվել: Բայց, նախարարի խոսքերով, «կարեւոր է, որ այն, ինչի մասին բավական երկար ժամանակ հայտարարում էր Հայաստանը, այստեղ միանշանակորեն ասվում է` որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, որը պետք է ունենա իրավական պարտադրող ուժ»:

Ինչպես նաեւ, Հայաստանի արտգործնախարարի ներկայացմամբ, կարեւոր է, որ խոսվում է Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ անխափան ցամաքային կապի ու անվտանգության երաշխիքների մասին, ինչը, Էդվարդ Նալբանդյանի խոսքերով, այն հիմնարար տարրերն են, որոնց մասին Հայաստանը բազմիցս հայտարարել է` որպես կարեւորագույն հիմք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա կողմերը իրենց գոհունակությունը հայտնեցին Վաշինգտոնի ու Երեւանի միջեւ հաստատված փոխհարաբերություններից, իսկ Ջեյմս Սթեյնբերգն էլ ավելացրեց, թե ԱՄՆ-ում ողջունում են Հայաստանի խորհրադարանի կողմից հայտարարված համաներումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG